«Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործով 50-ից ավելի քաղաքացի է հարցաքննվել, սակայն առեւտրի կենտրոնի սեփականատերը չի հարցաքննվել։ Այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։
« Գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող չկա»,- ավելացրեց Թադևոսյանը:
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։