00:00:00

«Սուրմալու»-ի տնօրինության ներկայացուցիչները եւ աշխատակիցները կհարցաքննվեն

19:28, 16 օգոստոս 2022 Իրավական

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը լայն ծավալով շարունակվում է։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից Irakanum.am-ին փոխանցեցին, որ   այսօր Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը  անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած՝ մարդկային մեծաթիվ կյանքեր խլած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթն իրականացնող քննչական խմբի քննիչների, ինչպես նաեւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազական խմբի դատախազների մասնակցությամբ:

Քննարկվել են նախաձեռնված քրեական վարույթի ընթացքը եւ միջանկյալ արդյունքները: Ելնելով օպերատիվ իրավիճակի վերաբերյալ հայտնված տեղեկատվությունից եւ քննարկման արդյունքներց՝ Երեւան քաղաքի դատախազը տվել է կոնկրետ հանձնարարություններ քննության հիմնական ուղղությունների, ապացուցողական անհետաձգելի եւ մյուս գործողությունների, դրանց ծավալի վերաբերյալ:

Նախաձեռնված վարույթի շրջանակներում իրականացվում են դեպքի բոլոր հանգամանքները, հատկապես պայթյունի առաջացման պատճառները, շինության կարգավիճակը, պարունակությունը, դրանց պահպանության իրավաչափության, տարածքում անվտանգության եւ հակահրդեհային կանոնների պահպանվածության վիճակը, պատասխանատու անձանց շրջանակը հստակեցնելու եւ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ:

Այսօր առավոտյան ժամը 10.30-ից քննիչների եւ փորձագետների կողմից սկսվել է իրականացվել դեպքի վայրի մասնակի զննություն, որին ներկա են գտնվել նաեւ դատախազական խմբի դատախազները: Հաշվի առնելով, որ դեպքի վայրում դեռեւս շարունակվում են հովացման, ինչպես նաեւ փրկարարական-որոնողական աշխատանքները՝ դեռեւս հնարավոր չի դարձել մոտենալ հրդեհի եւ պայթյունի առաջացման առաջնային օջախին՝ պատճառներին վերաբերող տվյալների ձեռքբերման համար անհրաժեշտ գործողություններն իրականացնելու համար: Վերջինս կիրականացվի նշված տարածքում առաջնային միջոցառումներն ավարտվելուց, հնարավոր փլուզումների վտանգը չեզոքացնելուց եւ անվտանգության բավարար պայմաններ ապահովելուց անմիջապես հետո:

Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել են շուրջ երկու տասնյակ անձինք՝ այդ թվում տուժողներ եւ առեւտրի կենտրոնում առերեւտրային գործունեությամբ զբաղվող տաղավարների սեփականատերեր: Այս գործընթացը շարունակվում է, քննության պլանավորմանը համապատասխան՝ հարցաքննվելու են նաեւ Սուրմալու տոնավաճառի տնօրինության ներկայացուցիչները եւ աշխատակիցները:

Պահանջվել են տոնավաճառում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների տնտեսություններին վերաբերող բոլոր տվյալները, առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքում տեղակայված բոլոր տեսաձայնագրող սարքերը:

Իրականացվում է փլատակներից դուրս բերված անձանց մարմինների ճանաչման, նույնականացմանն ուղղված աշխատանքներ:

Նաեւ՝ նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաճարտարատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական, դատաձայնգարային, եւ դատահամակարգչատեխնիկական համալիր փորձաքննություն: Ելնելով այսօրվա խորհրդակցության արդյունքներից՝ Երեւան քաղաքի դատախազի կողմից խնդիր է դրվել նշանակելու նաեւ  դատապայթյունատեխնոլոգիական փորձաքննություն:

Քննության առարկա են բոլոր վարկածները: Այս համատեքստում մամուլում հրապարակված՝ պայթյունի պատճառների, հնարավոր վարկածների վերաբերյալ բոլոր՝ իրենց մեջ կոնկրետություն պարունակող հրապարակումները Երեւան քաղաքի դատախազի կողմից ուղարկվել են նախաքննական մարմնին՝ դրանց արժանահավատությունը պարզելու, քննության առարկա դարձնելու նպատակով:

Քննության ընթացքն ու ստացվող տվյալները սեղմ պարբերականությամբ զեկուցվում են ՀՀ գլխավոր դատախազին, ում կողմից տրվում են հանձնարարություններ:

ՀՀ դատախազությունը հետեւողական է լինելու լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության երաշխավորման, կատարված ողբերգության հանգամանքները լիարժեք բացահայտելու հարցում:   

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր