00:00:00

Զվարճանք, զարմանք ու բուռն էմոցիաներ․ Գյումրիում գործում է իլյուզիաների թանգարան

20:57, 14 օգոստոս 2022 Մշակույթ

Տեսողական խաբկանք, ֆիզիկայի օրենքներ ու երկրաչափական պատկերներով առաջադրանքներ։ Այս ամենն ու ոչ միայն, հետաքրքիր լուծումներով, նորարակական մոտեցումներով թանգարան Գյումրիում։ Երկու ամիս առաջ հանրապետության երկրորդ քաղաքում բացվել է իլյուզիաների թանգարան, որն արդեն հասցրել է բազմաթիվ այցելուների ընդունել։ Թանգարանի համահիմնադիր Գրիշա Ամիրխանյանն աշխատակիցների հետ ուղեկցում է այցելուներին, մեկ առ մեկ ներկայացնում ներսում կատարվողը։

Irakanum.am-ի հետ զրույցում ասաց, նման գաղափար առաջացել է երբ ուսումնասիրել է տարբեր երկրներում իլյուզիաների թանգարանները։ «Գաղափարն առաջացել էր մոտ երեք տարի առաջ, արտերկրում նմաատիպ թանգարան այցելելուց հետո, հետո մանրամասն ուսումնասիրեցինք նմանատիպ թանգարանները տարբեր երկրներում, տարբեր կոնցեպտ ունեցող և որոշեցինք, որ մեր հայրենակիցները ևս պետք է հնարավորություն ունենան Հայաստանում ևս նմանատիպ թանգարան այցելելու, որովհետեւ  երբ ես առաջին անգամ այցելել էի բավականին տպավորված էի, էմոցիաները շատ էին»,- ասաց նա։

Գյումրին պատահական ընտրված չէ։ Գրիշա Ամիրխանյանն ասում է, Գյումրիում նմանատիպ ժամանցի վայրեր չկան, չնայած այն հանգամանքին, որ Գյումրին հայտնի է իր մի շարք թանգարաններով, բայց նմանատիպ ժամանակակից թանգարան չկա։ «Ինքը կրթության, ժամանցի, զվարճանքի, զարմանքի և այլ էմոցիաների համադրություն է։ Այսինքն, ինչ-որ բան տեսնում ենք, որը զվարճալի է, բայց դրա հետևում որոշակի գիտական բացատրություն է թաքնված, օրինակ թե ինչպես կարող են հայելիները թաքցնել պատկերը, բազմացնել և այլն»,- նշեց Ամիրխանյանը։

Թանգարանում շուրջ 50 ցուցանմուշ կա, որից 15-ի հետ հնարավոր է գեղեցիկ ու զարմանալի լուսանկարներ ստանալ։

Ամիրխանյանի խոսքով՝ այցելուների պակաս չունեն, այն արդեն իսկ հետաքրքրություն է առաջացրել ինչպես գյումրեցիների, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերի բնակիչների ու օտարերկրացիների համար։ «Թանգարանի միջոցով մենք կարողանում ենք և տեղացի և օտարերկացի զբոսաշրջիկներին ուղորդել դեպի Գյումրի, մեր այցելուներից գրեթե հինգերորդը նշում է, որ եկել է Գյումրի հենց առաջին թանգարան այցելելու համար»,- ասաց Գ․ Ամիրխանյանը։

Թանգարանի տոմսը 4500 դրամ է, Ամիրխանյանից հետաքրքրվեցինք, որքանո՞վ է այն հասանելի բոլորին, հատկապես գյումրեցիները ունեն հնարավորություն վճարելու։ Թանգարանի համահիմնադիրն ասաց, գնային քաղաքականությունը մշակելիս հաշվի են առել նաև այս հանգամանքը, բացատրություն ունեն։ «Նմանատիպ մտահոգություններ լսել ենք, բայց հիմա կարծես թե այդ ամենը հաղթահարել ենք։ Տեսեք առաջին հայացքից թվում է, որ թանկ է, բայց մենք չենք ունեցել հաճախորդ, որ մուտք գործելուց հետո ասի, որ թանկ է, գինը իրեն արդարացնում է»,- ասաց Ամիրխանյանը, հավելելով, որ եղել են նաև դեպքեր, երբ մարդիկ ծանոթացել են գնի հետ, և որոշել են չմտնել թանգարան։ Կան նաև հատուկ փաթեթներ նախատեսված ընտանիքով, խմբերով  այցելելու համար։ Զեղչեր լինում են նաև ուսանողների, երեխաների ու թոշակառուների համար։

Իլյուզիաների թանգարանը միակն է Գյումրիում, ու առհասարակ ամբողջ հանրապետությունում։ Ընդլայնվելու մասին չեն մտածում, քանի որ որոշել են «բրեդը» դարձնել բացառապես Գյումրունը, այդ կերպ իրենց լուման ունենալու՝ քաղաքի զարգացման գործում։

Գյումրին վերջին ժամանակահատվածում դարձել է ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի զբոսաշրջիկների համար նախատեսված սիրելի վայր։ Հանրապետության երկրորդ քաղաքը հատկապես հանգստյան օրերին զբոսաշրջիկների պակաս չունի։ Հյուրընկալ Գյումրին իր քաղաքն այցելողներին գիտի ինչպես դիմավորել, այստեղ ժամանցի ու հանգստյան վայրերի ընտրությունը ևս մեծ է, որին արդեն գումարվել է իլյուզիաների թանգարանը, և ինչպես Գրիշա Ամիրխանյանն էր ասում ևս մեկ պատճառ թե ինչու պետք է գալ Գյումրի։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր