Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկել է Հայկ Մամիջանյանի, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները:
Հուլիսի 11-ին տեղի է ունեցել կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել են կուսակցության գործունեության հետ կապված մի շարք հարցեր։
«Շեշտվել է կառուցվածքային ստորաբաժանումների հետ աշխատանքների ակտիվացման եւ ոլորտային կազմակերպությունների աշխատանքային ծրագրերը լիարժեք իրագործելու կարեւորությունը։
Նիստին ներկայացվել է նաեւ ՀՀԿ արտաքին կապերի շրջանակներում միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքների մասին ընթացիկ տեղեկատվությունը։
Քննարկվել է Ազգային Ժողովում Հանրապետական պատգամավորների հետագա գործունեությունը։
Ի գիտություն է ընդունվել «Հայրենիք» կուսակցության ղեկավարի հայտարարությունը «Պատիվ ունեմ» դաշինքից դուրս գալու մասին եւ արձանագրվել է դաշինքի գոյության դադարումը։
Հաշվի առնելով, որ նույնանուն խմբակցությունը Ազգային Ժողովում դեռեւս գոյություն ունի եւ նրա ղեկավարի թափուր պաշտոնը իրավաքաղաքական գործընթացների ապահովման տեսանկյունից պետք է լրացնել, ՀՀԿ ԳՄ-ն առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում Հայկ Մամիջանյանի, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերահաստատվել է, որ կուսակցության խորհրդարանական գործունեության առանցքն եղել եւ մնում է իշխանությունների հեռացումը, ուստի թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս Հանրապետականը պատրաստ է համագործակցության այդ օրակարգը հետապնդող պատգամավորների, քաղաքական եւ հասարակական ուժերի ու գործիչների հետ։