00:00:00

Արմեն Դանիելյանը անձին կալանավորելու որոշում է կայացրել, թեև դատախազը դատական նիստում նշել է, որ նրան կալանավորելու անհրաժեշտություն չի տեսնում

20:24, 23 հունիս 2022 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարել է դատախազի ավելի վաղ ներկայացրած բողոքը և անձին կալանավորելու որոշում կայացրել, թեև դատախազը դատական նիստում նշել է, որ անձին կալանավորելու անհրաժեշտություն չի տեսնում։

 

Մասնավորապես, «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Արմեն Դանիելյանի նկատմամբ վարույթը հարուցվել է փաստաբաններ Րաֆֆի Ասլանյանի և Ալեքսան Խաչատրյանի դիմումի հիման վրա, վերջիններս պնդում են՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ կալանավորումն ապօրինի է ընտրվել։ Խնդիրն այն է, որ քրեական գործերից մեկով՝ մինչդատական վարույթում առաջին ատյանի դատարանը մեղադրյալին ազատ արձակելու մասին որոշում էր կայացրել, ինչը հետագայում դատախազությունը բողոքարկել է։ Բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին, սակայն մինչ դատավոր Դանիելյանը կքններ բողոքը, քրեական գործով նախաքննությունն ավարտվում է, գործն ուղարկվում է դատարան՝ ըստ էության քննության և արդեն բուն գործով դատարանը անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառում ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

 

Դրանից հետո միայն դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ Վերաքննիչ դատարանում կայացել է դատական նիստը՝ մինչդատական վարույթի շրջանակներում ներկայացված բողոքի քննության համար, որի ընթացքում դատախազը նշել է, որ անձին կալանավորելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ բողոքը ներկայացվել էր մինչդատական վարույթում, իսկ գործն արդեն դատարանում է, հետևաբար դատախազը պահանջել է ճանաչել միայն խախտումը, քանի որ այս պայմաններում Վերաքննիչ դատարանը չէր կարող կալանավորել անձին, կարող էր ճանաչել միայն խախտումը, ինչն արձանագրված է նաև Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշմամբ։ Այս պայմաններում դատավոր Արմեն Դանիելյանը անձին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, ինչից հետո փաստաբաններ Րաֆֆի Ասլանյանը և Ալեքսան Խաչատրյանը դիմել են ՀՀ արդարադատության նախարարին, ինչպես նաև ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ դիտավորությամբ դատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներ թույլ տալու համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ և ահա, վարույթ, ի վերջո հարուցվել է՝ Հանձնաժողովի կողմից։

 

Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որի քննությունը նախատեսված էր այսօր։ Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մարաբյանը ԲԴԽ-ին միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով հետաձգել այսօրվա նիստը, պատճառաբանելով, որ թե՛ ինքը, թե՛ Հանձնաժողովի անդամ Արման Հովհաննիսյանն ունեն աշխատանքային ծանրաբեռնվածություն: Դատավոր Արմեն Դանիելյանը եւս հայտնել է, որ նիստը հետաձգելու մասին միջնորդություն է ցանկանում ներկայացնել, քանի որ պատրաստվում է Դատական դեպարտամենտից վիճակագրական տվյալներ խնդրել իր հետագա պաշտպանությունն իրականացնելու համար:

 

«Խնդրում եմ՝ իմ կողմից ներկայացված միջնորդությունը բավարարել ու հանձնարարել ՀՀ Դատական դեպարտամենտին, ուսումնասիրել ՀՀ վերաքննիչ դատարանի դատական պրակտիկան, հանձնաժողովի կողմից միջնորդությամբ վկայակոչված ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ Համբարձումյանի վերաբերյալ գործով որոշումից հետո՝ 1-2 տարիների ընթացքում։ Հարգանքով՝ դատավոր Դանիելյան։ Շնորհակալություն»,- ասաց Արմեն Դանիելյանը՝ բանավոր ներկայացնելով միջնորդությունը, ապա պարզաբանեց. «Իմ դիտարկմամբ՝ իրավիճակներ են հաճախ առաջանում, երբ բողոքարկվում է, դեռևս մեկնարկը սկսվում է բողոքարկման՝ մինչդատական վարույթում, սկսվում է իրականանալ, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ գործի քննությունը ձգձգվում է, ինչի արդյունքում մինչդատական վարույթն ավարտվում է, Վերաքննիչ դատարանի ներքին անկախությունը սահմանափակվում է և իմ դիտարկմամբ՝ դատական ստուգման բնականոն ընթացքը կարող է նաև խաթարվել»։

 

ԲԴԽ-ն որոշեց հետաձգել նիստը, իսկ Դանիելյանի ներկայացրած միջնորդությունը՝ տրամադրել կողմերին, որպեսզի հաջորդ նիստին այն քննարկվի՝ ըստ էության։

 

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր