Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի դիրքորոշումներին աջակցելու Թուրքիայի ջանքերը՝ մասնավորապես 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ցուցաբերված քաղաքական և բարոյական աջակցությունը։ Այդ մասին, ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, հայտարարել է այս օրերին պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Ջեյխուն Բայրամովը։
Ադրբեջանցի պաշտոնյան Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանին Թուրքիայի կողմից ցուցաբերված ահռելի ռազմական աջակցության մասին թեկուզ բացեիբաց չի շեշտում, բայց ենթատեքստից հասկացվում է, որ Ադրբեջանն իր ավագ եղբորը, նախ և առաջ, ռազմական աջակցության համար է երախտագիտություն հայտնում։
Բայրամովը նշել է, որ, այսպես կոչված, Շուշիի հռչակագրի ստորագրումից հետո ադրբեջանա-թուրքական հարաբերությունները բարձրացել են ռազմավարական դաշնակցության մակարդակի։
«Ադրբեջանա-թուրքական հարաբերությունները կշարունակվեն մեծ թափով զարգանալ նաև առաջիկայում»,-Ստամբուլում ընդգծել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։
Նշենք, որ օրեր առաջ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր կրկին անգամ հաստատել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական օգնություն են ցուցաբերել Ադրբեջանին՝ անելով հետևյալ հայտարարությունը․
«Ամենուր՝ Լիբիայից մինչև Ղարաբաղ, որպես մենք աջակցություն ենք ցուցաբերել մեր եղբայրներին, լսելի են եղել հաղթանակի բացականչություններ»։