00:00:00

Կապիտուլիանտի համար սահմանազատման հանձնաժողովի անդամները գործիք են, որոնց միջոցով իր սև գործն անելու է․ քաղաքագետ

16:44, 03 հունիս 2022 Քաղաքականություն

Ես որևէ լավ սպասելիքներ չունեմ այսօրվա եռակողմ հանձնաժողովի նիստի արդյունքներից։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Մոսկվայում կայանալիք տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստին։

«Մենք տեսնում ենք, որ անցել է մոտ մեկ ու կես տարի, բայց ՀՀ-ից դեպի Ադրբեջան տանող ոչ մի ենթակառուցվածք չի վերանորոգվում՝ ի տարբերություն Ադրբեջանի, ով ակտիվորեն լծված է այդ գործին։ Տեսնում ենք՝ ինչպես է աշխատում, այսպես կոչված, Մեղրու միջանցքի ուղղությամբ, ինչպես նաև՝ ակտիվորեն աշխատում է նաև Արցախ տանող իր ենթակառուցվածքները նորոգելու, նորերը կառուցելու ուղղությամբ։

Հետևաբար, ես 44-օրյա պատերազմից հետո բացարձակ չեմ հավատում հայաստանյան իշխանություններին»։

Համբարյանի խոսքով՝ եթե ինչ-որ ենթակառուցվածքներ պետք է բացվեն, հարց է առաջանում Նախիջևանի ուղղությամբ ինչպե՞ս է վերանորոգվելու կամ բացվելու, եթե որևէ քայլ այդ ուղղությամբ չի կատարվում։

«Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում՝ կոնկրետ հարավային շրջանում, որով նախկինում անցել է Բաքու-Նախիջևան-Երևան երկաթուղին, այժմ ակտիվորեն այն վերանորոգվում է։ Այս ընթացքում Ադրբեջանի իշխանությունը ահռելի աշխատանքներ է կատարել ավելի քան մեկ ու կես տարվա ընթացքում՝ ի տարբերություն ՀՀ-ի և այս ֆոնին ասել՝ ինչ սպասել կայանալիք նիստից, պետք է կրկնեմ, որ որևէ լավ կամ հայանպաստ բան սպասելը խելամիտ չէ»,- հավելեց Համբարյանը։

Հարցին՝ ըստ նրա ի՞նչ սկզբունքներով է գործելու դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի համար ստեղծված հանձնաժողովը, քաղաքագետ Համբարյանը մանրամասնեց․

«Բացարձակ չեմ պատկերացնում այդ հանձնաժողովի գործունեության սկզբունքները, մեր հանրությանը բացարձակ տեղյակ չեն պահվում, թե որ թվականի քարտեզներով ենք սահմանազատումն ու սահմանագծումը իրականացնելու։

Մենք տեսնում ենք ադրբեջանական կողմի հանձնաժողովի կազմը՝ սկսած հանձնաժողովի նախագահ Սահին Մուստաֆաևից, որը տիրապետում է հայերենին մաքրամաքուր, երկար տարիներ զբաղեցրել է բարձր պաշտոններ՝ վերջացրած այն անդամներով, որոնք պարտավոր են ի պաշտոնե հիանալի գիտենալ սահմանի վերաբերյալ տեղեկություններ։ Իսկ մեր 12 հոգանոց հանձնաժողոովի անդամներն ովքե՞ր են։

Ես որևէ խնդիր չունեմ Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ, ով մասնագիտությամբ բժիշկ է, այժմ էլ տեղական ինքնակառավարման մարմիններում փոխնախարարի պաշտոն է զբաղեցնում, մասնագիտությամբ բժիշկ և բախտի բերումով փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող անձն ինչ կապ ունի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի հետ։ Սա ապացուցում է մեկ փաստ, որ կապիտուլիանտի համար հանձնաժողովի անդամներն ընդամենը գործիք են, որոնց միջոցով իր սև գործն անելու է»,- ասաց Համբարյանը։

Նա նշեց, որ այստեղից հետևություն կարելի է անել, որ հայկական կողմը համաձայն է Բաքվի կողմից առաջ քաշած նախապայմանի հետ, որ իրենք 1991 թվականի քարտեզներով են նախատեսում իրականացնել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը, որի արդյունքում մենք ունենալու ենք կորուստներ և Արարատի մարզում և Տավուշի մարզում, չեմ ասում էլ այն հանգամանքը, որ մինչ հիմա ՀՀ իշխանությունները չեն պահանջում պաշտոնական Բաքվից դուրս բերել իրենց զորքերը ՀՀ տարածքներից։

Հարցին՝ արդյոք հանրությունը այս գործընթացների շրջանակներում չպետք է իմանա իրենց վերաբերվող հարցերն ինչպես են քննարկվում, Համբարյանը մանրամասնեց․

«Եթե դուք մտածում եք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը բարձրաձայնելու է՝ ինչ է բանակցել այս գործընթացի մասով Ադրբեջանի, ռուսական կողմի, Արևմուտքի հետ, սխալվում եք, նա իր սև գործն անում է հանրության թիկունքում։ Եթե հանրությանը ձեռնտու է այն, ինչ անում է կապիտուլիանտը, ապա վաղը, մյուս օր Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, ՀՀ-ն էլ կկլանվի թուրքական բիզնեսի կողմից՝ ստանալով այն կարգավիճակը, որն ունի հիմա Աջարիան՝ Վրաստանում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր