Ղազախստանում հայտնել են 2022 թվականի հունվարին զանգվածային անկարգությունների ընթացքում կատարված հանցագործությունների համար դատապարտվածների թիվը։ Հանրապետության գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովի խոսքով, վճիռներ են կայացվել 331 անձի վերաբերյալ։ Այս մասին նա տեղեկացրել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ասիլովի խոսքով, 489 մարդու նկատմամբ գործերն ուղարկվել են դատարաններ, 331-ի մասին դատավճիռներ են կայացվել՝ հիմնականում գողության, կողոպուտի, զենք պահելու եւ հափշտակելու համար։ «Ընդամենը 23 անձ է իրական ազատազրկման դատապարտվել, մնացածը դատապարտվել են ավելի մեղմ պատժատեսակների»,- ասել է գլխավոր դատախազը։
Նա ընդգծել է, որ անկարգությունների ժամանակ հետաքննության անթույլատրելի մեթոդների եւ մարդկանց մահվան դեպքերի մասին գործերը գտնվում են հատուկ հսկողության տակ։