00:00:00

Մի հարց ենք տվել, իրենք 72 հոգով չեն կարողանում պատասխանել. Իշխան Սաղաթելյանը՝ իշխանությանը

18:16, 02 հունիս 2022 Քաղաքականություն

Արտահերթ նիստի պահանջով հանդես ենք եկել, որպեսզի Ազգային ժողովն ընդունի հայտարարության տեքստ, որում այն կարմիր գծերն են, որոնցով պետք է առաջնորդվի ցանկացած հայամետ իշխանություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողներին տված հարցազրույցում հայտնեց «Դիմադրության» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Նա հիշեցրեց, որ իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ ընդդիմությունը օրակարգ չունի և վախենում է գնալ խորհրդարան, թե ընդդիմության պայքարի նպատակը ոչ թե Հայաստանն ու Արցախն է, այլ իշխանության գալը, և դրան ի պատասխան ընդդիմադիր խմբակցություններն առաջարկել են արտահերթ նիստ՝ ՀՀ-ի գոյության նվազագույն պահանջների ամրագրմամբ:

«Մի հարց ենք տվել՝ ամբողջ իշխանությամբ՝ 72 հոգով չեն կարողանում պատասխանել: Պարզ ձևակերպել ենք՝ եկե՛ք, ասե՛ք, որ որևէ պարագայում չեք պատկերացնում լուծում, երբ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Իրենք (Ալեն Սիմոնյանը) պատասխանել են, որ իրավունք չունեն դա ասել, որովհետև դրանով կխանգարեն գլխավոր բանակցողին»,-ասաց Սաղաթելյանը և հարց տվեց. «Ո՞վ է գլխավոր բանակցողը, Ալիևը՞: Այո, Ալիևին կխանգարեք դրանով, մտածում եք Ալիևի և Ադրբեջանի շահերի՞ մասին»:

Նրա խոսքով՝ իշխանությունները քաղաքական փակուղում են և երբ իրենք ասում են, որ հունիսի 3-ը քաղաքական ջրբաժան է և իրենց քաղաքական գերեզմանը, դա նկատի ունեն. «Դրանից հետո նրանք այլևս որևէ մեկին պետք չեն՝ բացառությամբ մեր թշնամիների, որովհետև ակնհայտորեն հայտարարում են, որ իրենք չունեն կարմիր գիծ, սկզբունք, ժողովրդի թիկունքում երկիրը փորձում են տանել նոր կապիտուլյացիայի»,-հայտարարեց Սաղաթելյանը և շեշտեց, որ ընդդիմության խնդիրն այդ ամենը կանխելն է, իսկ դրա համար իշխանութուններին պետք է հեռացնել:

«Դիմադրության» շարժման համակարգողը կարծիք հայտնեց, որ ՔՊ խմբակցության ոչ բոլոր պատգամավորներն են պատրաստ կիսել դավաճանության պատասխանատվությունը և բացատրեց, որ երբ ընդդիմությունը Արցախի կարգավիճակի մասին հարցեր է փորձում ուղղել նախարարներին կամ պատգամավորներին՝ նրանց շանս է տալիս կողմնորոշվելու, տարանջատվելու Նիկոլից:

«Իհարկե, մենք հասկանում ենք նախարարների վախի աստիճանը, որ այդ պաշտոններն իրենց համար թանկ են, բայց հակառակ կողմում դրված է հայրենիքը»,-ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ 10-12 պատգամավորների  ճակատագիրը և պահվածքը պարզ է, բայց մյուս մասը պետք է իրենց հարց տա, թե ինչու են մտնում այդ բեռի և պատասխանատվության տակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր