00:00:00

«Սասնա ծռերի» դատավճիռը կայացնող դատավորին թիկնապահ կտրամադրվի՞

09:25, 02 հունիս 2022 Իրավական

Սույն թվականի մայիսի 28-ին Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասված է․ «Ի պատասխան «Սասնա ծռեր» խմբավորման վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ հայտնում ենք, որ 2021 թվականի փետրվարի 24-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից քննված թիվ ԵԷԴ/0091/01/17 քրեական գործով կայացվել է դատավճիռ, որը 26.05.2022 թվականին մտել է օրինական ուժի մեջ:

 

Հետևաբար՝ 27.05.2022 թվականին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հանձնվել է ՀՀ ոստիկանությանը և համապատասխան քրեակատարողական հիմնարկներին դատավճռի պահանջները կատարելու համար, որի հիմքով դատապարտյալները ենթակա են տեղափոխման քրեակատարողական հիմնարկներ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասերը կրելու նպատակով»։

 

Նույն օրը Ժիրայր Սեֆիլյանը հարցազրույց է տվել լրատվամիջոցներին ու հայտարարել, որ Սասնա ծռերի անդամների ձերբակալության որոշումը կայացնողների համար բացասական հետևանքներ կլինեն։

 

PressTime.am-ը հարցում է ուղղարկել ԲԴԽ՝ խնդրելով հայտնել՝ արդյո՞ք ԲԴԽ-ում սա համարում են սպառնալիք դատավճիռը կայացրած դատավորի նկատմամբ։ Եթե այո, ի՞նչ գործողություններ է պատրաստվում կատարել ԲԴԽ-ն։

 

Մենք նաև խնդրել էինք վերոնշյալ հարցին պատասխանելուց զատ, պատասխանել կոնկրետ հարցի՝ արդյո՞ք ԲԴԽ-ում կարծում են, որ պետք է թիկնապահ տրամադրվի դատավճիռ կայացնող դատավորին։

 

ԲԴԽ-ից մեզ հայտնել են, որ հարցազրույցների ընթացքում Ժիրայր Սեֆիլյանի կողմից կատարված հայտարարությունների քննարկումը, ինչպես նաև դրանց կապակցությամբ միջոցներ ձեռնարկելը դուրս է Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների շրջանակից։

 

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ դատական օրենսգրքի սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով համապատասխան հաղորդում ներկայացվելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը, հիշյալ օրենքի 91-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորման համաձայն, անհապաղ նիստ կգումարի՝ հաղորդմամբ ներկայացված հարցերի քննարկման և դրանց հնարավոր լուծման նպատակով»,-ասված է մեր հարցման պատասխանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր