00:00:00

Հայաստանը պատերազմից հետո մեծ ցնցումների միջով անցավ և քաղաքացին էր, որ կանխեց ՀՀ պետականության փլուզումը. Փաշինյան

15:03, 20 մայիս 2022 Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, շատ մեծ ցնցումների միջով անցավ, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր, որ կանխեց ՀՀ պետականության փլուզումը, ինքնիշխանության և անկախության կորուստը: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին,  «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Չգիտեմ, թե ինչքանով է դա մտնում այսօրվա միջոցառման արարողակարգի մեջ, բայց քանի որ համաժողովը կոչվում է «Ժողովրդավարության հայկական ֆորում», կուզենայի, որ մենք ծափահարենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության առանցքն է, հենասյունն է և անկյունաքարն է:

Կարծում եմ, որ շատ կարևոր երկու հարց կա: Առաջինը՝ որքանո՞վ է ժողովրդավարությունն ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի անվտանգությունը: Եվ ինչքանո՞վ է ժողովրդավարությունն ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը: Երկրորդ հարցի պատասխանը միանշանակ է, և այն ես արդեն տվեցի, որ ժողովրդավարությունն այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության երաշխավորման և պահպանման կարևորագույն և առանցքային գործոնն է: Մեր խնդիրն է ապացուցել, որ ժողովրդավարությունը, այո՛, նաև ի վիճակի է ապահովել երկրի արտաքին ու ներքին անվտանգությունը: Այս առումով, ուզում եմ ընդգծել և կարևորել խաղաղության օրակարգը, որը որդեգրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և որի համար մանդատ է տվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Ընդհանրապես՝ կարծում եմ, որ շատ կարևոր է խաղաղության օրակարգի ձևակերպումը և քննարկումը նաև այն տրամաբանությամբ, որ ի վերջո՝ երկրում առանցքային որոշումները, ինչպես արդեն ասացի, ժողովրդավարության կանոններին համապատասխան, Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով կայացնում է քաղաքացին: Շատ կարևոր է, որ մենք ամբողջական և պատշաճ տեղեկատվություն տանք քաղաքացուն, որպեսզի նա իր որոշումների կայացման ժամանակ լինի բավարար չափով տեղեկացված»:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ԱԺ փոխնախագահներ՝ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր