Irakanum.am-ն իր նախորդ հրապարակումներից մեկում գրել էր, որ Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն ու նույն բուհի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը միացել են իշխանական պրոպագանդային։
Մենք գրել էինք, որ Վարդան Ուռուտյանը Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմներից է, և վերջինիս՝ ԿԳՄՍ նախարար եղած ժամանակ է դարձել Ագրարայինի ռեկտոր, ինչ վերաբերում է ուսանողական խորհրդի նախագահին, ապա նա ևս սերտ առնչություն ունի ՔՊ-ական պաշտոնյաների հետ։ Ու բոլորովին պատահական չէր, որ հիշյալ ձայնագրությունը հայտնվեց հենց Արայիկ Հարությունյանի տեղակալ Տարոն Չախոյանին պատկանող լրատվամիջոցում։
Հիշեցնենք, որ խոսքը ենթադրյալ կաշառքի մասին է, իբր թե համալսարանի դասախոսներից մեկը՝ Էմմա Սարգսյանը, Թոռնիկին առաջարկում է կազմակերպել ուսանողների դասադուլն ու միացումը ընդդիմության շարժմանը, որի համար յուրաքանչյուր ուսանող կստանա հազարական դրամ։ Մինչդեռ՝ անգամ հրապարակված մոնտաժված ձայնագրությունից ակնհայտ է դառնում, որ Թոռնիկն է «ուսանողներին» վաճառքի հանում։ Այս գործով կալանավորված է Ավետիք Չալաբյանը։
Ու մինչ գործն իրավապահների տիրույթում է, Վարդան Ուռուտյանը շտապում է կատարվածին ոչ միայն քաղաքական գնահատական տալ, այլև՝ արդարացնել Թոռնիկին։
Այսպես, մայիսի 17-ին Ագրարային համալսարանի գիտխորհրդի հերթական նիստում ռեկտոր Վարդան Ուռուտյանը իր գոհունակությունն ու աջակցությունն է հայտնել համալսարանի ուսանողներին քաղաքական գործողություններում ներգրավելու փորձի՝ ուսխորհրդի կողմից վճռական կանխման եւ այդ առթիվ տարածված հայտարարության առիթով։
Նախաքննությունը չի ավարտվել, չկա մեղադրական որեւէ եզրակացություն, բայց ահա Արայիկ Հարությունյանի ընկեր Վարդան Ուռուտյանն արդեն իսկ խոսում է ինչ-որ անիրական բանի վճռական կանխման մասին։ Բացի այդ բուհերն ապաքաղաքական կառույցներ են և գիտխորհրդի նիստում այս օրերին կատարվող քաղաքական իրադարձություններին անդրադառնալն ու քննարկելը Վարդան Ուռուտյանի գործը չէ, որ պետք է լիներ։ Հետևաբար ինչու է ակտիվացել Ուռուտյանը։ Այս հարցի պատասխանը թերևս տրվել է մեր նախորդ հրապարակման մեջ։ Ուռուտյանն ու Ալիյանը իշխանական կինոյի դերասաններ են եղել, որոնք ըստ էության մեծ հաճույքով խաղացել են այդ դերը։
Նշենք, որ Ագրարային համալսարանում է աշխատում նաև կալանավորված Ավետիք Չալաբյանի եղբայրը՝ Արա Չալաբյանը։
Irakanum.am