00:00:00

Հայաստանում երկու ամսով մարդ են կալանավորվում օրենքով չարգելված արարքի պայմաններում. Արթուր Ղամբարյան

13:46, 19 մայիս 2022 Քաղաքականություն

Ցավով եմ եզրակացնում, որ Հայաստանում երկու ամսով մարդ են կալանավորվում օրենքով չարգելված արարքի պայմաններում։ Նման գնահատականով է հանդես եկել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը՝ անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանավորմանը։

«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ ԱԱԾ-ն պրոդյուսերին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հրապարակայնորեն ազգային արժանապատվությունը նվաստացնելու համար, իսկ որպես հիմք ներկայացվել է մամուլի ասուլիսի ժամանակ Ա. Գրիգորյանի հայտնած կարծիքը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել, ինչը դատարանը երեկ բավարարել է եւ պրոդյուսերը կալանավորվել է երկու ամսով։

Արթուր Ղամբարյանը կարծում է, որ իրականում Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել չարգելված արարքի համար։

«ՀՀ քր․ օր-ի 226-րդ հոդվածի մասով իրավունքի տեսության և քրեական իրավունքի մասնագետների, երիտասարդ հետազոտողների խմբի հետ համակողմանի քննարկման արդյունքում եկել եմ հետևյալ եզրահանգման․

Գործող քր․ օր-ի 226-րդ հոդվածում արգելվում է միայն «ԱԶԳԱՅԻՆ արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները, ուստի ՆԵՐԱԶԳԱՅԻՆ սոցիալական խմբերի միջև արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունն արգելված չէ (արգելի բացակայության՝ լավ է կամ վատ լինելը դուրս է քննարկվող հարթությունից)։ 
Ընդ որում, սա քրեական օրենքի տեքստի մեկնաբանման կամ ցանկությունների կամ էմոցիաների հարց չէ։ Գործ ունենք քրեական օրենքի բացի հետ․ այդ բացն ակնառու է, եթե գործող օրենքը համեմատում ենք ՌԴ քր․ օր-ի 282-րդ և ՀՀ նոր քր․ օր-ի 329-րդ հոդվածների հետ, որտեղ, ըստ էության, լրացվել է ներազգային ատելություն հրահրելու բացը։ Նշված արգելքներում խոսվում է «անձանց խմբի» նկատմամբ (․․․) «ոչ միայն ազգային, այլ նաև էթնիկ կամ սոցիալական բնույթի ԱՅԼ հանգամանքներով պայմանավորված» կամ «սոցիալական խմբին պատկանելու հանգամանքով պայմանավորված» ․․․ անհանդուրժողականության կոչերը (․․․), որը թերևս կարող է վերաբերել նաև ներազգային ատելության դրսևորումներին։

Հիշեցնեմ, որ քրեական իրավունքի հատուկ մասի նորմերն անալոգիայով չեն կարող կիրառվել կամ դա չի կարող քողարկվել օրենքի տարածական մեկնաբանման միջոցով։

Ցավով եմ եզրակացնում, որ Հայաստանում երկու ամսով մարդ են կալանավորվում օրենքով չարգելված արարքի պայմաններում (օրենքի այս հոդվածի բացը չէր կարելի չգիտակցել կամ չտեսնել)»,- ֆեյսբուքում գրել է դոկտոր, պրոֆեսորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր