Խաղաղության օրակարգի հետ կապված մեր մոտեցումն այն է եղել, որ երկու փաթեթները՝ Ադրբեջանի կողմից առաջարկված ու Հայաստանի կողմից առաջարկված փաթեթը պետք է միացնել ու դրա արդյունքում սկսել բանակցություններ խաղաղության օրակարգի շուրջ։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արմեն Գրիգորյանը։
«Մենք այս հարցը Բրյուսելում բարձրացրել ենք և ընդհանուր մեր տեսածն այն է եղել, որ Ադրբեջանի կողմից կա ընկալում, որ մենք պետք է առաջ շարժվենք։ Բայց վերջին շրջանում կան նաև հրապարակային հայտարարություններ այս մասով։
Մենք հույս ունենք, որ ինչ-որ պահի գալու ենք ընդհանուր հայտարարի խաղաղության օրակարգի շուրջ, որովհետև այն չի կարող միակողմանի լինել, այն պետք է երկկողմ լինի, և այդ երկկողմ տրամաբանության մեջ պետք է ներառի այդ երկու առաջարկների փաթեթը, որոնք պետք է միացնել ու այդ օրակարգով առաջ շարժվել։
Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ պետք է միացնել այդ երկու փաթեթներն ու առաջ շարժվել։ Կշարունակենք աշխատել, որպեսզի կարողանանք հասնել արդյունքի»,-ասաց ԱԽ քարտուղարը։