00:00:00

Իշխան Սաղաթելյանի գլխավորած դիմադրության երթը փակեց Խորենացու, ապա «Ռոսիայի» խաչմերուկները

09:58, 19 մայիս 2022 Քաղաքականություն

ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի գլխավորած՝ «Դիմադրություն» շարժման երթի ուղղությունը փակեց Խորենացու խաչմերուկը, այնուհետև շարժվեց ու փակեց «Ռոսիա մոլի» հարակից խաչմերուկը:

«Ակնհայտ է, որ կան հատուկ սադրիչներ, որ այս իշխանություններն ուղարկում են հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ, հետևաբար որևէ մեկին բանի տեղ մի դրեք, մենք առաջին հերթին պայքարում ենք նաև այդ սադրիչների համար, հազարավոր քաղաքացիների մեջ մեկ կամ երկու նման դեպք կարող է լինել՝ ուշադրություն չեք դարձնում, մեր նպատակը ուրիշ է»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Մեկ այլ խումբ էլ, որին գլխավորում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը, փակել է Ծիծեռնակաբերդի խճուղին՝ Մարզահամերգային համալիրի մոտ: Ցուցարարները նստել են գետնին:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներից երթեր են սկսվել:

Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր անհնազանդության ակցիաները մեկնարկելու են  Գարեգին Նժդեհի հրապարակի մոտից, Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցուց, Ավանի «Հարսնաքարի» մոտից, Նոր Նորք «Մեգա մոլի» դիմաց, Սասունցի Դավիթ արձանի մոտից, Հանրապետական հիվանդանոցի այգուց, Լենինգրադյան–Սեբաստիա խաչմերուկից եւ Ֆրանսիայի հրապարակից։

Երեկոյան 19։00–ին տեղի կունենա հանրահավաք։  

Հիշեցնենք, որ նախօրեին բերման են ենթարկվել 360-ից ավելի քաղաքացիներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր