«Դիմադրություն» շարժումը վաղն առավոտից կրկին շարունակելու են անհնազանդության ակցիաները։ Ֆրանսիայի հրապարակում այս հայտարարությունն արեց «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Այլ ճանապարհ ու տարբերակ չկա։ Քայլերով և գործողություններով պետք է ավելացնենք մեր թիվը, ծավալը մեծացնենք, հասնենք մեր առջև դրված նպատակին։ Կոչ եմ անում առավոտյան ամբողջ կազմով միանալ բողոքի և անհնազանդության ակցիաներին»,– նշեց Սաղաթելյանը։
Նա հայտնեց, թե ժամը 08։00-ին որտեղից են սկսվելու ակցիաները։ Ըստ այդմ` Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիներն իրենց բողոքի ցույցերը սկսելու են Գարեգին Նժդեհի հրապարակից, Արաբկիրում` Կոմիտասի եկեղեցու մոտից, Ավանում` Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտից, Էրեբունի վարչական շրջանում` Սասունցի Դավթի արձանի դիմացից, Աջափնյակ վարչական շրջանում հասցեները երկուսը կլինեն` 15-րդ թաղամաս` Հանրապետական հիվանդանոցի դիմացի այգու մոտից և Լենինգրադյան-Սեբաստիա խաչմերուկից։ Ակցիաներ կմեկնարկեն նաև Ֆրանսիայի հրապարակից, որտեղ կվերադառնան 19։00-ին և հանրահավաք կանցկացնեն։