ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է․
«Նիդերլանդներից վերադարձած Փաշինյանը հրահանգել է ոստիկաններին գործել ագրեսիվ:
Հետևելով ՀՀ ոստիկանության այսօրվա գործողություններին՝ ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը, վերադառնալով Նիդերլանդներից, ագրեսիվ գործելու հրահանգ է տվել ոստիկաններին: Այսօր ՀՀ ոստիկանության աշխատակիցները գործում են անթաքույց ագրեսիայով, նախապես չեն ծանուցում քաղաքացիներին, թե ինչու է բերման ենթարկելու անհրաժեշտություն առաջացել: Ավելին, արձանագրվում են ձերբակալելիս քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու, ավտոմեքենաները տուգանային հրապարակ տանելու դեպքեր, և այլ խայտառակ գործողություններ:
ՀՀ որևէ օրենսդրությամբ սահմանված չէ նվազագույն արագության սահմանափակում, ուստի այսօր ոստիկանի ներկայացրած՝ արագ վարելու պահանջը առերևույթ հանցավոր է։
Որպես ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ արձանագրում եմ ՀՀ ոստիկանության այսօրվա ոչ համաչափ գործողությունները, որոնց կապակցությամբ մինչև օրվա ավարտը գրություն կուղարկեմ ՀՀ գլխավոր դատախազին:
Պատրաստում եմ նաև օպերատիվ զեկույցներ՝ միջազգային կառույցներին ուղարկելու համար»,- գրել է ընդդիմադիր պատգամավորը: