Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի ուղեկցությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, hյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Ռուսաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Կուդրինը Հիշողության պուրակում տնկեց արծաթափայլ եղևնի: