Տասնյակ ոստիկաններ դիմումներ են գրում, ուզում են դուրս գալ աշխատանքից, իրենց պատասխանում են՝ խնդրում ենք՝ դուրս մի եկեք աշխատանքից, ձեզ էլ չենք ուղարկելու ցույցերի մասնակցելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ «Դիմադրության» շարժման հավաքի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պտգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Իբր լուծում են գտել: Հիմա ուզում եմ, որ ինքը լավ լսի ու ականջին օղ անի՝ Նիկոլ չկա»,-ասաց նա: Ներկաները միացան վանկարկմանը:
Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին ոստիկանությունից հեռանալու դիմումներ չկան. «Այս պահի դրությամբ բացառում եմ, որ նման բան լինի»,-ասաց նա:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ արձագանքեց. «Մի բացառեք, մենք այստեղ կանգնած ենք, կարող է հիմա մեկը դիմումը գրել է»:
Նշենք, որ այս պահին «Դիմադրության» շարժման երթի մասնակիցները շրջափակել են Կառավարության 3-րդ մասնաշենքի բոլոր մուտքերը: