«Ազատագրական շարժման» անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ավետիք Չալաբյանի հետ կապված դեպքը՝ իբր մարդկանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ, ինձ հիշեցրեց օրեր առաջ տեղի ունեցած երկու փորձ, որոնք իմ նկատմամբ էին ուզում անել․
1․ Ինձ զանգում են մարզից ու ասում, որ ուզում են մասնակցել Երևանի հանրահավաքներին։ Ասում եմ, լավ եք անում։ Հարցնում են՝ ֆինանսական հարցով կարո՞ղ եք օգնել։ Միանգամից հասկանում եմ, որ պատվեր է իշխանության կողմից։ Ասում եմ, որ հանրահավաքներին մասնակցելու համար ոչ ոքի փող չեն տալիս։ Անջատում եմ հեռախոսը։ Նորից են զանգում, այս անգամ իբր շահագրգռում են, թե 100 հոգի է գալիս, գոնե իրենց համար հյուրանոցի կամ հյուրատան հարց լուծեմ։ Պատասխանում եմ, որ ես որևէ նման հարցի հետ կապ չունեմ, եթե իրենք ուզում են անկեղծորեն գալ ու մասնակցել, թող գան, իրենք էլ կարող են իրենց կեցության հարցերը լուծել։
2․ Մյուս դեպքը արդեն Ֆրանսիայի հրապարակում էր։ Ինձ է մոտենում իմ նախկին ուսանողներից մեկը, որը իշխանությանը սպասարկող կայքում է աշխատում և միկրոֆոնը միացրած, բայց թիկունքում պահած, հարցնում է՝ ուզում եք, որ նախկին թալանչինե՞րը գան իշխանության և նման հարցեր, որոնցով փորձում էր սկսնակ լրագրողը ինձնից ինչ-որ խոսք քաշել իբրև թե ներքին դավադրությունների մասին։ Ափսոսացի, որ իմ ուսանողների մեջ էլ կարող են այդքան էժան մարդիկ լինել, բայց դե ինչ արած։
Այնպես որ, միշտ պատրաստ եղեք, սիրելի ընդդիմություն։ Իշխանությունները երբեք հեշտ չեն զիջում իրենց տեղը, մանավանդ երբ գործարք ունեն թշնամու հետ, որը պիտի տանեն մինչև վերջ, իսկ մենք խանգարում ենք այդ գործարքի իրականացմանը։ Հետևաբար մենք թիրախում ենք, մեզ պիտի չեզոքացնեն ամեն կերպ։
Սա նյարդերի պայքար է»: