«Այն հայտարարությունը, որ ինքը կարող էր կանխել պատերազմը, և արդյունքը, իբր, կլիներ նույնը՝ առանց զոհերի, ինչպես նաև, այն հանգամանքը, որ նա բանավոր հանձնարարությամբ 200 քառ. կմ տարածք է հանձնել՝ Կուբաթլույում և Զանգելանում, արդեն իսկ, նրա ձերբակալման համար լուրջ հիմքեր էին, եթե մենք ունենայինք Գլխավոր դատախազություն»,- «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ ավելացրել. «Այն բոլոր խայտառակությունները, որ կատարվեցին մեր երկրում պատերազմից հետո, այդ մարդը կամ վաղուց պետք է ձերբակալված լիներ, կամ ինքնակամ հրաժարական տար։ Մեր երկրի պատմության մեջ սա անոմալիա է»։
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի հրապարակից երթ իրականացվեց դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք, որտեղ ելույթներով հանդես եկան այնտեղ հավաքված 44 օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արամ Վարդևանյանն ու Արթուր Ղազինյանը։ Բոլորի պահանջը նույնն էր՝ ուղղված ՀՀ գլխավոր Դատախազությանը, այն է՝ անմիջապես ձերբակալել ՀՀ վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանին։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նկատում է՝ մենք պայքարում ենք մի հրեշի դեմ, որը չունի ոչ մի բարոյական սահմաններ, ողնաշար, հենման կետ, և այսքանով հանդերձ, սկսված պայքարը բոլոր ուղղություններով պետք է շարունակել։
Խոսելով ադրբեջանական կողմի վերջին օրերին արված անընդունելի և դատապարտելի հայտարարությունների մասին՝ Արմեն Աշոտյանն ասում է՝ Ադրբեջանում, երևի, էլ մարդ չի մնացել, որ անպատասխան և անպատիժ կերպով մատ թափ տված չլինի մեր երկրի վրա. «Նիկոլն ու իր ուսապարկ զիբիլնները՝ Արաբաթի հետ միասին, այնքան թույլ, անինքնասեր և անողնաշար կեցվածք ունեն Ադրբեջանի հետ բանակցություններում, որ այնտեղ էլ մարդ չի մնացել՝ մեզ վրա մուննաթ չգա։ Ժամանակին Ադրբեջանից հնչած ցանկացած ծլվլոց իրեն համարժեք պատասխան էր ստանում՝ չմնալով անպատիժ։ Հիմա Նիկոլն ու Ալիևը նույն խաղն են խաղում, թեև Նիկոլը մեկ- մեկ փորձում է ցույց տալ, թե ինքն այս կամ այն հարցում դեմ է, սակայն այդ բոլորը վատ բեմադրված ներկայացում է»,- ասել է Արմեն Աշոտյանը։