Հունաստանը հինգ տարով երկարաձգում է ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը։ Համաձայնագիրը, որը պետք է վավերացվի խորհրդարանի կողմից, ԱՄՆ-ի զինվորականներին կտրամադրի մշտական հասանելիություն Հունաստանի մայրցամաքային հատվածում գտնվող երեք բազաներին, ինչպես նաեւ Կրետե կղզում նրա վաղեմի ռազմածովային ներկայությանը:
Այն գործարքի տարեկան վերանայումը փոխարինում է հինգ տարով ժամկետի երկարաձգմամբ, հաղորդում է AP-ն:
ԱՄՆ դեսպան Ջորջ Ջ. Ցունիսը հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ, որը երկուշաբթի օրը մեկնում է Վաշինգտոն, որպեսզի հանդիպի նախագահ Ջո Բայդենի հետ:
«Մենք քննարկել ենք, թե ինչպես ԱՄՆ-ը եւ Հունաստանը կարող են աշխատել միասին, որպեսզի ամրապնդեն անվտանգությանն ու բարգավաճմանը նպաստող մեր հիանալի դաշինքը՝ հիմնվելով մեր ֆանտաստիկ դինամիկայի վրա»,- գրել է Ցունիսը Twitter-ում:
Անցյալ տարի Հունաստանը նաեւ երկկողմ պաշտպանական պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ։
Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն ասել է, որ դաշինքները երկրի պաշտպանական ռազմավարության հիմնական տարրն են։
«Մենք չենք կարող մեզ անզգույշ լինելու շքեղություն թույլ տալ։ Կուզեի, որ մենք Լյուքսեմբուրգ լինեինք ազգային անվտանգության հարցերում։ Բայց դա այդպես չէ»,- ասել է Դենդիասը օրենսդիրներին:
Հիմնական ընդդիմադիր կուսակցությունը՝ ձախակողմյան ՍԻՐԻԶԱ-ն, դեմ է արտահայտվել համաձայնագրին՝ պնդելով, որ այն Աթենքին անվտանգության բավարար երաշխիքներ չի տալիս։