00:00:00

Երկամյա երեխային փրկած քաղաքացին պարգևատրվել է

18:51, 11 մայիս 2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել և շնորհակալագրով պարգևատրել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանին, որը, օրեր առաջ սեփական կյանքը վտանգելով, Դեբեդ գետից անգիտակից վիճակում դուրս էր բերել երկամյա Արևիկին, ցույց տվել առաջին բուժօգնություն և տեղափոխել Ալավերդու բժշկական կենտրոն:

Հանդիպմանը ներկա են եղել Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ:

«Դուք, սեփական կյանքը վտանգելով, երկրորդ կյանք նվիրեցիք մանկահասակ երեխային: Ես շնորհակալ եմ ձեզ խիզախության, սխրանքի և անձնուրացության համար: Հերոսները միայն մարտի դաշտում չեն, այլև մեր կողքին, հպարտանում եմ ձեզնով»,- ասել է Խաչատրյանը:

Զրույցի ընթացքում Ժիրայր Պողոսյանը նշել է, որ ճանապարհաշինարար է, ամուսնացած է, ունի 3 երեխա: Նա ևս իր գոհունակության խոսքերն է ուղղել մարզպետին ուշադրության և գնահատանքի համար:

Հիշեցնենք, որ երկամյա Արևիկը դեռևս բուժում է ստանում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, ընթացքի մեջ են երեխայի հետագա խնամքի հետ կապված գործընթացները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր