00:00:00

Սահմանազատման հանձնաժողովը Մհեր Գրիգորյա՞նը կգլխավորի. փոխվարչապետի գրասենյակը լռում է

16:53, 10 մայիս 2022 Քաղաքականություն

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի նախագահի ամենահավանական թեկնածուն է: Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ հաստատված չէ, սակայն լուրերն ակտիվորեն շրջանառվում են մերձիշխանական շրջանակներում։
 
Sputnik Արմենիան անկլավների և Ադրբեջանի հետ սահմանազատման վերաբերյալ հարցում է ուղարկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ և մինչ օրս պատասխան չի ստացել, թեև սահմանված 10 օրը լրացել է:
 
Ավելի վաղ Բաքուն առաջարկել էր, որ հանձնաժողովը գլխավորեն երկու երկրների փոխվարչապետները:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը մայիսի 10-ին հայտնել է, որ Բաքուն իր թեկնածուին արդեն համաձայնեցրել է Երևանի հետ: Հանձնաժողովի առաջին նիստը նախատեսվում էր անցկացնել մինչև ապրիլի վերջ։
 
«Դեռ առաջին հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարը ըմբռնումով ընդունեց դա՝ ասելով, որ այդ առաջարկը քննարկելու համար Հայաստանում լրացուցիչ ժամանակ է պետք։ Հետո հայկական կողմը հայտարարեց, որ այդ առաջարկն ընդունելի է իրենց համար։ Հանձնաժողովի կազմի մասին կողմերի միջև պայմանավորվածություն կա»,-հայտարարել է Բայրամովը։
 
Դեռևս ապրիլի երկրորդ կեսին Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել փոխվարչապետի գրասենյակ պարզելու համար, թե հայկական կողմից ով է գլխավորելու սահմանազատման հանձնաժողովը և երբ է այն ստեղծվելու։ Մենք նաև հետաքրքրվել էինք` արդյոք սահմանազատումն իրականացվելու է Ադրբեջանի հետ խորհրդային սահմանի ողջ երկայնքով, և քննարկվելու է արդյոք անկլավների/էքսկլավների հարցը:
 
Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովն այսօր լրագրողներին ասել է, որ անկլավների վերադարձի հարցը քննարկվելու է Հայաստանի հետ սահմանազատման շրջանակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր