Պետության կառավարումից իսպառ բացառվելու են սուտը, պոպուլիզմը, կեղծիքը և անբանությունը։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով ընդդիմության ծրագիրը։
«Պետք է ձևավորվի ուժեղ իշխանություն, որը կապահովի թուրքա–ադրբեջանական ագրեսիայի զսպումը` արդիականացնելով Արցախի ու Հայաստանի միասնական անվտանգության համակարգը։
ՀՀ նոր իշխանությունը պետք է երաշխավորի Արցախի ինքնորոշման իրավունքը` բացառելով Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, ինչպես նաև միջանցքի տրամադրումը թշնամի երկրին։
Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կբացառվի որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և Ցեղասպանության իրողությունը։
Նոր իշխանության առաջնահերթ խնդիրներից է լինելու գերիների վերադարձը»,- ասաց Սաղաթելյանը։
Նա նաև նշեց, որ ժամանակավոր կառավարությունը գործելու է 1-1,5 տարի, իսկ իրավիճակի կայունացումից հետո կազմակերպվելու են ազատ, արդար, մրցակցային արտահերթ ընտրություններ։