Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։
«Այսօր Հաղթանակի և խաղաղության օրն է:
Հիշենք բոլորին, ովքեր պայքարել են հաղթելու վստահությամբ և չպարտվելու հաստատակամությամբ:
Հիշենք բոլորին, ովքեր ընկել են հաղթանակի ու խաղաղության համար:
Խոնարհվենք նրանց հիշատակի ու սխրանքի առաջ:
Նրանք հաղթեցին 30 տարի առաջ՝ հայկական պատմական Շուշին ազատագրելով:
Նրանք հաղթեցին ավելի քան 75 տարի առաջ Մեծ Հայրենականում:
Նրանք բոլորը համոզված էին, որ ազատությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր, որ դրանք ձեռք են բերվում կամքի ու ջանքի շնորհիվ, շատ հաճախ՝ կյանքի ու առողջության գնով:
Որևէ ձեռքբերում, առավել ևս՝ հաղթանակ պետք է զարգացնել և վերածել ուժեղ պետության ու կազմակերպված հասարակության, արժանապատիվ խաղաղության և կայուն առաջընթացի՝ հանուն մեր ժողովրդի, հանուն Հայաստանի և Արցախի:
Մենք պարտավոր ենք հաղթել: Իսկ հաղթանակի երաշխիքը մեր միասնությունն է ու կամքը, մեր վճռականությունը և կազմակերպվածությունը, մեր նպատակասլացությունը և կարգապահությունը:
Ապրենք և աշխատենք այնպես, որ արժանի լինենք հաղթանակի», - նշված է ուղերձում։