00:00:00

«Ապագա Կա»- յի տեսլականը, որը փաթաթում են մեր վզին, երաշխավորված բերելու է ԱՐՀԱՎԻՐՔ մեր բոլորիս տուն․ Աբովյան

11:14, 08 մայիս 2022 Քաղաքականություն

Ադրբեջանը բաց, ակնհայտ, ամենա բարձր մակարդակով հայտարարում է, որ հայկական էթնիկ տարրի ներկայությունը իր հարեւանությամբ ներկայացնում է իր համար վտանգ և իր պետական,ազգային տեսլականը/գաղափարախոսությունը/մարտավարությունը ՄԻՇՏ միտված է լինելու Հայաստանի և հետեւաբար հայկական տարրի չեզոքացման/ոչնչացման ուղղությամբ։

 

Ասեմ ավելին, թուրք-ադրբեջանական տանդեմը հարկ չի համարում նույնիսկ քողարկել իր նպատակները, բացեիբաց հայտարարելով, որ օրինակ Հայաստանը չպիտի բանակ ունենա կամ հայերը իրավունք չունեն բազմանալ։

 

Հայաստանի և Թուրքիայի բանագնացները ինչի՞ մասին են խոսում, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը անվանում է Ցեղասպանության հեղինակ Էնվեր փաշային «լուսահոգի» իսկ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Չավուշօղլուն ցինիկ ժպիտը մրթին հայազգի ցուցարարներին ցուցադրում է հայասպան  «Գորշ գայլեր» տեռորիստական կազմակերպության մատնանշանը։

 

Իսկ եթե զերծ մնալ ավելորդ հուզականությունից, ապա բավական է պարզապես ծանոթանալ Թուրքիայի ՊԵՏԱԿԱՆ «Մեկ թուրքական գոտի» տեսլականին, որը իր հերթին հանդիսանում է Մեծ Թուրանի իրագործման հստակ նախագիծ և համաձայն այդ նախագծի մենք պետք է վերանանք։ Մեռնենք։ Չեզոքանանք։

 

Կամ օրինակ Հայաստանի ամբողջ տարածքը հայտարարվում է վայրենի, քոչվոր թուրքալեզու ցեղերի առաջնորդի (Իլհամ Ալիև) կողմից «ադրբեջանցիների» իբր «պատմական» ժառանգություն, որը իրենք «պարտավոր են վերադարձնել»։

 

Գիտեմ ինչ կասեք...կասեք, որ հազար անգամ սրա մասին գրել եմ, ասել եմ, բղավել եմ բոլոր հնարավոր հարթակներից։

 

Այո, ճիշտեք։

 

Ասել եմ, ասում եմ և կրկին հազար անգամ ասելու եմ, մինչեւ մենք բոլորս չհասկանանք, որ հանձնելով Արցախը թուրքին մենք չենք կարող «գնել» անվտանգություն։

 

Կրկնելու եմ այնքան, մինչև չհասկանանք, որ վաճառելով թուրքին մեր հերոս եղբայրների սխրանքները, մեր անմեղ զոհերի հիշատակը, մեր երեխաների կյանքը և ապագան, մենք դիմացը չենք ստանա խաղաղություն։

 

ԵՒ ի վերջո, մենք պետք է հասկանանք շատ պարզ մի ճշմարտություն։

 

Իշխանությունների որդեգրած «խաղաղություն դարաշրջան» թրքահաճո քաղաքականությունը երաշխավորված բերելու է ՊԱՏԵՐԱԶՄ։

 

Իսկ «Ապագա Կա»- յի տեսլականը, որը փաթաթում են մեր վզին, երաշխավորված բերելու է ԱՐՀԱՎԻՐՔ մեր բոլորիս տուն։

 

Վերջ։

 

 

Արման Աբովյան

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր