Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որն այցով գտնվում է Մոլդովայում, ասել է, որ Մոլդովայի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու գործընթացը «բարդ է», հաղորդում է Newsmaker-ը։
Հարցին, թե արդյոք Մոլդովան կարող է հույս ունենալ հունիսին թեկնածուի կարգավիճակ ստանալ, Եվրոպական խորհրդի նախագահը պատասխանել է, որ դա բարդ գործընթաց է։ «Մենք ցանկանում ենք աջակցել Մոլդովայի ջանքերին՝ հասնելու անհրաժեշտ պայմաններին այս քաղաքական նախագծին մասնակցելու համար։ Հասկանալի է, որ մենք մտադիր ենք անհապաղ գործել կապերն ամրապնդելու համար»,-ասել է Միշելը։
Շառլ Միշելին նաեւ հարցրել են, թե արդյոք Մոլդովան կարող է արագացված հիմունքներով ստանալ այդ կարգավիճակը՝ հաշվի առնելով նոր աշխարհաքաղաքական իրողությունը։ «Կախված է հանգամանքներից։ Կարեւոր է նաեւ, որ ԵՄ-ն հստակ տեսլական ունենա ԵՄ անդամակցության գործընթացի վերաբերյալ: Սա շատ բարդ քննարկում է՝ տարբեր պատճառներով։ Տեսնում եք, որ ԵՄ-ն բարդ կառույց է, այստեղ գործում է վետոյի իրավունքը։ Կարեւոր է, որ մենք հստակեցնենք, թե ինչ ենք ուզում ապագայում։ Ակնհայտ է, որ ԵՄ-ի ընդլայնումը քաղաքական գործիք է Եվրոպայի ապագայի մեր տեսլականը ճշգրտելու համար: Վստահ եմ, որ առաջիկա երկու ամսում մենք կկարողանանք ազդարարել ԵՄ-ի ընդլայնման ապագան»,-ասել է Շառլ Միշելը։
Իր հերթին, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն նշել է, որ Մոլդովայի իշխանությունները շուտով ԵՄ-ին կհանձնեն հարցաթերթիկի երկրորդ մասը, որը կորոշի Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու պատրաստակամության աստիճանը։