00:00:00

Զերծ մնալ արտաքին քաղաքականության հետ կապված կարգախոսներից, քիչ տալ Արցախի անունը. Ստեփան Դանիելյան

19:07, 02 մայիս 2022 Քաղաքականություն

Փողոցային անիմաստ ու անհեռանկարային քաշքշոցը պետք է դադարեցվի ու կենտրոնացվի Ազատության հրապարակում մի շարք կազմակերպչական խնդիրներ լուծելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ինչ անել կոնկրետ քննարկման համար որպես մոդել․

1. Փողոցային անիմաստ ու անհեռանկարային քաշքշոցը պետք է դադարեցվի ու կենտրոնացվի Ազատության հրապարակում մի շարք կազմակերպչական խնդիրներ լուծելու համար: Գործող ռեժիմը վախենում է ոչ թե փողոցային քաշքշոցներից, այլ ռացիոնալ քննարկումներից:

2. Հայտարարել զուգահեռ (Վստահության) վերկուսակցական կառավարություն, պատրաստել զուգահեռ կառավարության կազմը ու Ազատության հրապարակում նոր կառավարության նիստեր գումարել՝ բաց և թափանցիկ եղանակով:

3. Կառավարության ցուցակում պետք է ներառել ներկայիս կառավարության այն անդամներին, որոնք արտաքին քաղաքականություն են իրականացնում՝ բանակցություններ վարող փոխվարչապետը, ԱԳ նախարարը (հասկանալի է, որ չեն գալու ու մասնակցելու նիստերին): Սա կարևոր է, որովհետև Հայստանի ու Արցախի շուրջ հիմա շատ վտանգավոր պրոցեսներ են ընթանում ու միջազգային քաղաքականության կենտրոնում ենք հայտնվել, որտեղ փխրուն իրավիճակ է՝ հատկապես մեր տարածաշրջանում: Այդ պատճառով արտաքին միջամտությունը երկրի ներսում չափազանց որոշիչ է դարձել (միաժամանակ տարբեր կենտրոնների կողմից) և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բանակցություններն, այս պահին, ռազմական կոնֆլիկտի չեզոքացման հիմնական մեխանիզմն է:

4. Հայտարարել, որ բանակցություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ շարունակվելու են:

5. Զերծ մնալ արտաքին քաղաքականության հետ կապված կարգախոսներից, քիչ տալ Արցախի անունը, մի կողմ դնել հակաթուրքական ու հակաադրբեջանական կոչերը (մինչև ուկրաինական պատերազմի ավարտը պետք է չափազանց զգույշ լինել խոսքերում), զերծ մնալ աշխարհաքաղաքական դիսկուրսից:

6. Զերծ մնալ ներքաղաքական թշնամության բառապաշարից:

7. Այդ դեպքում, որն է վարչապետի հրաժարականի հիմնավորումը: Կառավարության հրաժարականի հիմնական հիմնավորումը.

- հանրային վստահության վերականգնում, ինչը հնարավոր չէ ներկայիս վարչապետի գործունեության շարունակության պարագայում,

- սոցիալական արդարության համար մի շարք քայլերի ու նախաձեռնությունների մասին Վստահության Կառավարությունը կոնկրետ բավանդակային հայտարություն պետք է անի՝ նշելով կոնկրետ քայլերը,

- արտաքին լսարանի համար - հանրությունը պետք է վստահի կառավարությանը, առանց որի հնարավոր չէ որևէ արտաքին պայմանավորվածություն ձեռք բերել ու դա պետք է հասկանան արտաքին պարտնյորները: Ներկայիս վարչապետը չունի հանրային վստահություն որևէ պատասխանատու քայլ անելու համար:

8. Ամենավերջում ամենակարևորը՝ Վստահության Կառավարությունը հայտարարվում է ժամանակավոր, մինչև նոր ընտրությունները, և նրա կազմի բոլոր անդամները պետք է նախօրոք վստահեցնեն, որ հաջորդ ընտրություններում, որպես պատգամավորի թեկնածու, հանդես չեն գալու, սակայն կարող են ներառվել հաջորդ կառավարության կազմում: Դա ճգնաժամային, այլ ոչ թե կուսակցական կառավարություն պետք է լինի: Կառավարության կազմում, հանրային ընկալման առումով, այս կամ հատվածի համար անընդունելի անդամներ ներառելն անարդյունավետ է: Այս դեպքում հնարավոր կլինի պառակտված հանրությանը մոբիլիզացնել կառավարության հրաժարականի պահանջի շուրջը, կամ, ավելի ճիշտ, այդ հրաժարականը դե ֆակտո իրականացնել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր