Ֆրանսիայի հրապարակում ընթացող բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում ընդդիմադիր գործիչներից Իշխան Սաղաթելյանն այսօր հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանն այլևս չի տիրապետում իրավիճակին։
Նա դիմեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ազգային ժողովի խմբակցությանը։
«Դուք գերի եք մեկ մարդու ձեռքում, պարզապես գերի եք։ Ձեր մեծամասնությունն անմիջական առնչություն չունի նրա հանցանքների և որոշումների հետ։ Դուք ունեք պատմական շանս՝ ձեր սխալն ուղղելու, կանգնելու ժողովրդի կողքին։ Սա ձեր վերջին շանսն է՝ ուղղվելու, հասկանալու, գիտակցելու և լինելու ժողովրդի կողքին։ Հետագայում ուշ է լինելու», - ասաց նա։
Ընդդիմադիր գործիչն ընդգծեց՝ ՔՊ խմբակցության պատգամավորները պետք է իրականում գիտակցեն իրավիճակն ու որոշում կայացնեն առաջիկա 1-2 օրվա ընթացքում։
Սաղաթելյանի հայտարարությանը պատասխանեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ։
Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը գրել է. «Այս կրկեսը նույնիսկ քաղաքական մտքի ճգնաժամ չի կարելի անվանել: Ճգնաժամերը որոշակի դիմամիկա են ենթադրում՝ դրական կամ բացասական: Հայրենի ընդդիմության դեպքն այլ է: Ցավոք, գործ ունենք քաղաքական մտքի տոտալ բացակայության, քաղաքական մտքի անծայրածիր և անշրջելի թշվառության հետ: Տխուր է»:
Պատգամավոր Արփի Դավոյանը գրել է. «Ի պատասխան, այդպես էլ մեծ առաջնություններում հանդես չեկած, արագ վազքի մեծն վարպետ Իշխան Սաղաթելյանին` վարպետ, վերադարձիր Ազգային ժողով, այնտեղ կխոսենք»։
Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը գրել է. «Ախր գալու եք Ազգային ժողով, ախր ձեր էսօրվա հայտարարությունների համար հատ-հատ պատասխան եք տալու, ախր երես պիտի ունենաք էդ ժամանակ: Թե չէ ձեր կողմից ավտոբուսներով բերած մարդկանց առաջ ձեզ լավ եք զգում, գիտեք մենք մոռանալո՞ւ ենք ձեր ասածները»:
Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է. «Ի պատասխան Իշխան Սաղաթելյանի՝ ՔՊ խմբակցությանն ուղղված կոչին, իմ անունից հայտնում եմ, որ դատապարտում եմ Հայաստանի տարբեր ջրավազաններ թափոններ, թունավոր քիմիկատներ և թմրադեղեր լցնելու բոլոր դեպքերը։ Սիրելի քաղաքացիներ, մտածեք ձկների և առհասարակ շրջակա միջավայրի առողջության մասին։ Հայաստանի Օլիմպիական կոմիտեին էլ իր հերթին կոչ եմ անում վերջիվերջո լրջորեն դիտարկել Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը Հայաստանի թեթև ատլետիկայի հավաքականում՝ որպես 100 մետր սպրինտի վազորդ։ Կարծում եմ՝ դրանով կօգնեք նրան վերջապես գտնել իր տեղը աշխատաշուկայում»։
Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ գրել է․
«Բարև Ձեզ, հարգելի հայրենակիցներ, եկել եմ ասեմ, որ քանի որ այսպես կոչված ''ընդդիմության'' ''առաջնորդները'' վաղվանից հայտարարել են քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչը անշուշտ իրենց սահմանադրական իրավունքն է, որը նաև իրականացվելու է ճանապարհներ փակելու միջոցով:
Ինչը ըստ էության սահմանափակելու է ձեր որոշ իրավունքներ, խոչընդոտելու է ձեր տեղաշարժը, որոշակի անհարմարություններ և տհաճություն է պատճառելու:
Ուստի խնդրում եմ, հորդորում եմ, պահանջում եմ այնուամենայնիվ ըմբռնումով մոտենալ, չմտնել վեճերի և լեզվակռիվների մեջ, չտրվել սադրանքների, որևէ դեպքում չփորձել բռնության որևէ դրսևորում ցուցաբերել կամ որև է բռնությանը բռնությամբ արձագանքել: Բռնությունը Հայաստանում մերժված երևույթ է, ինչպեսև մնացած արատավոր երևույթները և սուբյեկտները:
Եղեք զգո՜ն, հանգիստ, հանդարտ, սառնասիրտ, հավասարակշիռ:
հ.գ. Ոստիկանությանը խնդրում եմ, այն պարագայում, երբ տեսնում եք, որ ճանապարհ է փակվում, ոչ թե անհնազանդություն իրականացնողներին հեռացնելով ավելորդ լարվածություն ստեղծեք, այլ ուղղակի երկկողմանի փակեք այդ ճանապարհի սկիզբն ու վերջը, և զուտ կարգավորեք երթևեկությունը:
Բոլորիս արդյունավետ աշխատանքային շաբաթ:
Շնորհակալություն ուշադրության համար»: