Մենք այսօր մի բռունցք ենք, բայց այդ բռունցքով ոչ ոքի չենք ծեծելու, մեր բռունցքը ցույց ենք տալու, որ վախկոտները վախենան, փախչեն։ Այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ դիմելով Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին։
«Այօրվանից մտնում ենք մեր պայքարի վճռական՝ վերջին փուլը, մնաց մի քանի օր ընդամենը։ Այսօր սկիզբ ենք դնում չարի վերջին, անձրև կլինի, թե ցուրտ, ոչ մի բանից չենք վախենալու, գնալու ենք առաջ»,- ասաց Վանեցյանը։
Նա նշեց, որ դիմել է իրավապահ համակարգի ներկայացուցիչներին՝ ասելով, որ որևէ սադրանք ընդդիմությունը չի իրականացնելու։
«Մենք այստեղ ենք մեր ընտանիքների հետ, իրավապահ համակարգը պարտավոր է ապահովել բոլորիս անվտանգությունը, որովհետև մեր ակցիաները խաղաղ բնույթ են կրում։ Եթե մեկի քթից արյուն եկավ, պատասխանատվությունը ընկնելու է իշխանությունների վրա»։
Նշենք, որ ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում նախատեսվում է ընդդիմության մեծ հանրահավաքը։ Ընդդիմության՝ Հայաստանի 4 բնակավայրից` Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից և Բաշ Ապարանից մեկնարկած երթերը՝ Արցախի փրկության և իշխանափոխության պահանջով, արդեն միացել են Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիներին։