Այս պատմության մեջ հատկապես ցավալի, ուղղակի ցինիկ վերաբերմունք էր պետությունից եկող իբր թե արձագանքը։ Ինչ-որ մի պաշտոնյայի մակարդակով կառավարության ղեկավարի աշխատակազմից հորինվում են ինչ-որ չափանիշներ, որ այդ ուղեկցող մեքենաները չէին կարող կանգնել, պետք է գնար։ Ինչո՞ւ չի կանգնել, Արցախյան պատերա՞զմ էր տեղի ունենում այդտեղ, թե՞ դիպուկահարներ էին նստած շենքի վրա, որ չէր կարող կանգնել։ Այս մասին հայտարարեց Արման Թաթոյանը՝ խոսելով օրեր առաջ Նիկոլ Փաշինայնի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքի մասին։
«Իմ կարծիքով նախ պետք է պատշաճ արձագանք լիներ պետության կողմից, որովհետև այստեղ խոսքը մարդու արժեքի մասին է։ Էլ չեմ խոսում՝ հղի կնոջ մասին։ Կյանքի իրավունքի մասին, այլ ոչ թե տարբեր կեղծ էջերից մեղքը բարդել զոհի վրա։
Պետք է մանրամասներ քննություն տարվի, բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ընդ որում, միայն ոստիկանությունը չպետք է քավության նոխազ դառնա։
Պետք է քննվի, թե ինչպես շտապօգնություն կանչելու հանձնարարականը եղավ, ինչու չկանգնեցին, ինչ զգացին այդ պահին։ Բոլոր ծառայողները պետք է ենթարկվեն հարցաքննության, պետք է հարցաքննվի նաև ուղեկցվողը, ում ուղեկցում էին, որպեսզի իրավիճակը գնահատեն։ Ընդհուպ մինչև պետք է գնան Երևանի քաղաքապետարան ու հասկանան՝ այդ գծանշումներն ինչու նորմալ չէին արել, որ մարդիկ կարողանան հասկանալ ինչպես պետք է առաջնորդվեն։
Պետությունը պետք է խիստ մոտեցում ցուցաբերի։ Նորից եմ ասում, որ նման արձագանք պետք է չլիներ։ Նման արձագանք եղավ քաղաքական նկատառումներով, որ կոծկեն, մարդկանց բողոքը չբարձրանա։ Բայց պետք է հակառակը լիներ՝ մարդը պետք է զգա, որ ինքը պաշտպանված է որպես արժեք»,-ասաց նա։
«Մասնագիտական հնարավորությունները քրեական դատավարության, քրեական արդարադատության, կամքի, ցանկության դեպքում լիարժեք հնարավորություն են տալիս մեղավորների շրջանակն ամբողջոությամբ պարզելու համար»,-ասաց նա։