2022թ․ ապրիլի 28-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի երրորդ նիստը, որը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)՝ 2021թ․ մարտի 1-ին ուժի մեջ մտնելուց հետո առաջին հանդիպումն էր։ Գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվել է Համաձայնագրի կատարման ընթացքը, տեղեկացնում է Հայաստանում ԵՄ գրասենյակը։
ԵՄ կողմն ընդգծել է իր ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանում, և գոհունակություն հայտնել Հայաստանի` բարեփոխումների օրակարգին շարունակական հանձնառության և մի շարք ոլորտներում արդյունավետ համագործակցության համար:
ԵՄ-ը խրախուսել է Հայաստանին շարունակել բարեփոխումների ընթացքը մի շարք կոնկրետ ոլորտներում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին համահունչ։
ԵՄ-ը նաև ողջունել է խաղաղության շուրջ բանակցություններում ներգրավվելու վերջին ջանքերը և ընդգծեց մարդասիրական և վերականգնմանն ուղղված տրամադրվող շարունակական աջակցությունը։