Ապրիլի 27-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ՝ Կենտրոնի, Արաբկիրի, Էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: ՄԻՊ տարածած հաղորդագրությունում ասվում է․
«Առանձնազրույցներ են տեղի ունեցել արգելանքի վերցված թվով 46 անձանց հետ, ուսումնասիրվել են վարչական ձերբակալման տեսանյութերը:
Արձանագրվել է նաև, որ Ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել թվով 5 անչափահաս անձինք, որոնցից մեկը մինչև 16 տարեկան: Պաշտպանի աշխատակազմի միջամտությամբ վերջինիս նկատմամբ վարչական վարույթ չի իրականացվել և նա անմիջապես ազատ է արձակվել:
Հրապարակված տեսանյութերի և Ոստիկանության բաժիններ իրականացված այցերի շրջանակում արձանագրվել են անձանց առանց ազատությունից զրկելու հիմքերը բացատրելու, նվազագույն իրավունքները պարզաբանելու (փաստաբանի, լռելու, և այլ իրավունքներ), անհամաչափ ուժի կիրառությամբ բերման ենթարկելու դեպքեր:
Այս հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ինչպես այսօրվա, այնպես էլ նախորդիվ տարիների ուսումնասիրությունները վկայում են, որ վարչական ձերբակալման ու բերման ենթարկելու այս խնդրահարույց պրակտիկան ունի լայն տարածում: Այն կիրառվել է ակցիա իրականացնող անձանց նկատմամբ:
Այս պրակտիկան պետք է բացառվի. վարչական ձերբակալման և բերման ենթարկելու կամ որ նույնն է՝ ազատությունից զրկելու ցանկացած դեպք անօրինական է, եթե չեն ապահովվում ազատությունից զրկելիս մարդու նվազագույն իրավունքները:
Բացի դրանից, Ազատության պողոտայում իրականացված ակցիայի ընթացքում արձանագրվել է Ոստիկանության ծառայողների կողմից անձի տրանսպորտային միջոցը վնասելու մեկ դեպք:
Ոստիկանության բաժիններում արձանագրվել են նաև բերման ենթարկված անձանց գրանցամատյանների թերի լրացման դեպքեր, այդ թվում՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին իրականցված այցի շրջանակում արձանագրվել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով վարչական ձերբակալման ենթարկված անձը ազատ է արձակվել, սակայն գրանցամատյանում բացակայել է նրան ազատ արձակելու ժամի վերաբերյալ համապատասխան գրառումը, այն դեպքում, երբ անձը ենթադրաբար ծանոթացվել և իր ստորագրությամբ հաստատել է կատարված գրառումների իսկությունը:
Արձանագրված խնդիրները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են, Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:
Սոցիալական ցանցի ու մամուլի հրապարակումների մշտադիտարկման առաջին արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական դերակատարները՝ թե իշխող և թե ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաև նրանց քաղաքական օրակարգը սատարող հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող անձինք օգտագործում են խիստ դատապարտելի, երբեմն ծայրահեղ սադրիչ բառապաշար, հանրությանը դիմում են վտանգավոր կոչերով։
Հանրային ու քաղաքական պատասխանատու դերակատարներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ անպատասխանատու, հանրության շրջանում ներքին բախման տանող վտանգավոր ու անօգտակար խոսույթից, առաջարկում ենք կոնկրետ հարցերի շուրջ մասնագիտական ու հանրային քաղաքակիրթ քննարկումներով զբաղեցնել հանրային օրակարգն ու իրենց ընտրողներին։
Բացի այս, զանգվածային լրատվության միջոցների կողմից քաղաքական գործընթացները լուսաբանող նյութերի ներքո տարածվում են ծայրահեղ վտանգավոր քննարկումներ, այդ թվում՝ կեղծ օգտատերերի ակտիվ մասնակցությամբ, արվում են ատելություն գեներացնելու և երբեմն էլ բռնության չքողարկված կոչեր։
Խիստ կարևորելով զանգվածային լրատվության միջոցների դերը հանրությանը մասնագիտական, որակյալ ու ճշտված տեղեկություն տրամադրելու առաքելությունը, ինչպես նաև հանրային խոսույթում բևեռացված ու ատելության խոսքի մակարդակն իջեցնելու ու փաստարկված քննարկումներ խթանելու գործելակերպերը, անհրաժեշտ է, որ նյութերի ներքո ծավալվող նմանատիպ մեկնաբանությունները հեռացնելու համար զանգվածային լրատվության պատասխանատուների կողմից միջոցներ ձեռնարկվեն և բավարար ռեսուրսներ հատկացվեն։
Սոցիալական մեդիայի տիրույթում ևս, լսարան ունեցող օգտատերերին Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում հեռացնել իրենց գրառումների ներքո ծավալվող ատելության ու բռնության (երբեմն անգամ իբրև կատակ ներկայացվող) գրառումներն ու կոչերը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը շարունակում են 24 ժամյա ռեժիմով մշտադիտարկումների իրականացումը, այդ թվում՝ ծայրահեղ ու վտանգավոր խոսքի դրսևորումների մասով»: