«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի գլխավորությամբ Իջևանից մեկնարկած քաղաքացիական քայլերթը հասել է Գեղարքունիք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ասպրամ Կրպեյանը պատմեց, որ երթի ընթացքում շատ քաղաքացիներ են միանում, իրենց աջակցությունն են հայտնում, ինչը շատ է ոգևորել քայլերթի մասնակիցներին, զրույցի պահին քայլերթը Գեղարքունիքում էր.
«Մենք հաղթահարել ենք Դիլիջանի ոլորանները, ոտքով անցել ենք նաև թունելը: Մինչ թունելը մեզ շատ քաղաքացիներ միացան, հետո արդեն անակնկալ էր սպասվում, թունելից դուրս մի խումբ սևանցիներ մեզ սպասում էին, Ծովագյուղում ևս մեզ միացան, շատ քաղաքացիներ են միանում, ինչը ոգևորիչ է »,-ասաց պատգամավորը:
Քայլերթին միացել է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը.
«Երբ քայլերթը սկսվեց, ինձ հետ էր պատգամավոր Գեղամ Նազարյանը, երեկ ինքը Երևանում էր, պետք է շատ կարևոր միջոցառման մասնակցեր, երեկվանից ինձ միացել է Արմենուհի Կյուրեղյանը»,-ասաց Ասպրամ Կրպեյանը:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունը իրազեկման ակցիաներ և քայլերթեր է իրականացնում Հայաստանի տարբեր հատվածներում:
«Դիմադրություն» շարժումը մի շարք մարզերից քայլերթ է անում դեպի Երևան, քաղաքացիների մի խումբն Իջևանից է շարժվում դեպի Երևան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի գլխավորությամբ, մյուս խումբն էլ Տիգրանաշենից է քայլերթ անում՝ պատգամավոր Աննա Գրիգորյանի գլխավորությամբ:
Ապրիլի 28-ին քայլերթով Երեւան կշարժվեն Բաշ-Ապարանից ու Սարդարապատից։