00:00:00

«Դիմադրություն» շարժման իրազեկման երթն ավարտվեց. հաջորդ երթը տեղի կունենա վաղը՝ Սասունցի Դավիթ արձանի մոտից

21:53, 25 ապրիլ 2022 Քաղաքականություն

«Դիմադրություն» շարժման իրազեկման երթն ավարտվեց, հաջորդ իրազեկման երթը տեղի կունենա վաղը՝ Սասունցի Դավիթ արձանի մոտից։ Այս մասին «Դիմադրություն» շարժման իրազեկման երթի ավարտին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանն ասաց, որ ակցիաները վաղը նույնպես շարունակվելու են. «Մեր նպատակն է ողջ ժողովրդին, ազգին առաջիկա 5 օրերին ոտքի  հանենք, ու մենք հանելու ենք»:

«Մեր ազգը ոտքի է կանգնում, լաոն զարթնում է, մենք հետքայլի տեղ չունենք, մենք նահանջի տեղ չունենք, մենք այլ ճանապարհ չունենք, մենք տեր ենք այս դրոշին մինչեւ վերջ, տեր ենք պետականությանը: Այսպես մեջք մեջքի տված, ուսի ուսի տված գնում ենք մինչեւ վերջ: Սա սրբազան պայքար է, սա պայքար  է Արցախի համար, մեր պետականության համար, յուրաքանչյուրը պայքարում է ոչ թե մեզանից մեկին իշխանության  բերելու, այլ իր ծնողների, իր քույրերի ու եղբայրների համար»,-ասաց Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմությունն աշխատում է մի նպատակի համար, սակայն ապակենտրոն եղանակով.

«Ճանապարհին ինձ հարցնում էին, այսօր մնում ենք, թե` չէ, հարգելի΄ հայրենակիցներ այդ մնալու օրը լինելու է, այդ օրը կասենք ձեզ, մենք ունենք ծայրից ծայր գծված ծրագիր, որը բերելու է սրանց հեռացմանը, վստահ եղեք»։

Նշենք, որ վաղն առավոտյան Տիգրանաշենից դեպի Երեւան է շարժվելու «Դիմադրության շարժման» հաջորդ խումբը:

Իրազեկման երթի ավարտին ակցիայի մասնակիցները կրկին վանկարկեցին «Առանց Նիկոլ Հայաստան»:

Հիշեցնենք, որ այսօրվա երթի մեկնարկը տրվել էր Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից։ ՀՀ նախագահի նստավայրի կողքով անցնելիս շարժման մասնակիցները հայտարարել էին, որ այդտեղ նստած է ՔՊ-ից ինչ-որ մեկը. «Ինքը ՀՀ նախագահությունը ներկայացնելու իրավունք չունի, նա պատերազմի եւ պարտության կուսակցության ներկայացուցիչն է այս շենքում։ Ինքը հերթական դավաճաններից է։ Բոլորիս ձայնը հիմա նա պետք է լսի»։

Մինչեւ «Դիմադրություն» շարժման մեկնարկը Հայ հեղափոխական դաշնակցության Երիտասարդական Միության  եւ  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները փակել էին Վաղարշյան-Կոմիտաս փողոցը։ Իրավիճակն այդտեղ լարվել էր եւ մեծ թվով կարմիրբերետավորներ բերման էին ենթարկել ակցիայի 4 մասնակցի։

Այսօր անհնազանդության մի շարք ակցիաներ են տեղի ունեցել Երեւանում։ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում ուսանող-դաշնակցականները տեղադրել էին Արցախի դրոշը։

Մի խումբ երիտասարդներ էլ ակցիաներ են իրականացրել բուհերի առջեւ՝ «Ուսանո՛ղ, զարթնի՛ր» գրությամբ պաստառներ բարձրացնելով երեւանյան 15 բուհերի դիմաց եւ հորդորելով ուսանողներին միանալ համընդհանուր պայքարին։

Հիշեցնենք, որ այսօր՝ առավոտյան 11։00-ին, Իջեւանից մի շարք քաղաքացիներ, որոնց թվում են նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, սկսել են երթ՝ դեպի Երեւան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր