00:00:00

Հակոբ Արշակյանն ընդունել է Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը

19:36, 25 ապրիլ 2022 Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն է տածում  Սիրիայի նկատմամբ, որի հետ մեզ կապում են պատմամշակութային ընդհանրություններն ու դարավոր ջերմ բարեկամությունը: Հակոբ Արշակյանի խոսքով՝ հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ճակատագրական նշանակություն է ունեցել. Սիրիայի բարեկամ ժողովուրդն օգնության ձեռք է մեկնել Ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր հայորդիների:

Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմից հետո ստեղծված իրավիճակին՝ ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ Ադրբեջանը Թուրքիայի միջոցով պատերազմում ներգրավել էր վարձկաններ Սիրիայից եւ տարածաշրջանի այլ պետություններից:

«Թեեւ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անցել է տեւական ժամանակ, սակայն իրավիճակը շարունակում է փխրուն մնալ: Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ վտանգելով տարածաշրջանի կայունությունը եւ խաղաղությունը»,- փաստել է Հակոբ Արշակյանը եւ հավելել, որ Հայաստանը շարունակում է ջանքերը տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

Այս տարի լրանում է Հայաստանի եւ Սիրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հակոբ Արշակյանը փոխշահավետ համագործակցության ամրապնդման համատեքստում ընդգծել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը: Այս հարցում ԱԺ փոխնախագահը շեշտել է նաեւ սիրիահայ համայնքի դերակատարությունը եւ հավելել, որ մեր երկիրը բարձր է գնահատում Սիրիայի իշխանությունների ու ժողովրդի եղբայրական վերաբերմունքը սիրիահայության հանդեպ:

Լյուսի Իսկանյանը եւս կարեւորել է երկկողմ հարաբերությունների խորացումը եւ Հակոբ Արշակյանին ու հայ օրենսդիրներին է փոխանցել Սիրիայի խորհրդարանի նախագահի ջերմ ողջույնները եւ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը:

Խոսելով տարածաշրջանային իրավիճակի մասին՝ բարեկամության խմբի ղեկավարը նշել է, որ Սիրիան եւս զգացել է ահաբեկիչների իրականացրած գործողությունների հետեւանքները: Նա կարեւորել է երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագրերի իրականացումը, ինչը դանդաղել էր սիրիական ճգնաժամի հետեւանքով:

ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը եւս խոսել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման կարեւորությունից, փաստել հայ համայնքի գործուն աջակցությունն այդ հարցում: Ընդգծվել է, որ սիրիահայ համայնքը լիարժեք ներգրավված է երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

Կողմերը կարեւորել են տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված ջանքերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր