ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը կբարձրացնի Բալթյան երկրների անվտանգությունը եւ կամրապնդի արեւմտյան ռազմական դաշինքը։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
«ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը կբարելավի անվտանգության իրավիճակը Բալթյան տարածաշրջանում։ Մենք կկարողանանք ավելի լավ վերահսկել Բալթյան տարածաշրջանը ռազմական տեսանկյունից։ Բայց դա նաեւ կուժեղացնի ՆԱՏՕ-ն որպես կազմակերպություն»,- ասել է Նաուսեդան:
«Հնարավոր է Ռուսաստանի կողմից ինչ-որ ագրեսիվ հռետորաբանություն, հնարավոր է նաեւ այստեղ ռազմական ներկայությունն ավելացնելու որոշումներ։ Այսպես թե այնպես, Կալինինգրադի մարզը, ըստ ամենայնի, Եվրոպայի ամենառազմականացված շրջանն է, եւ այնտեղ արդեն մարտավարական միջուկային զենքեր կան։ Չեմ կարծում, որ մենք պետք է արձագանքենք այս հռետորաբանությանը»,- ասել է Նաուսեդան՝ խոսելով Ռուսաստանի արձագանքի մասին։
Նրա խոսքով՝ Ֆինլանդիան եւ Շվեդիան «չեն կարող ժամանակ վատնել եւ պետք է հնարավորինս արագ կատարեն որոշումները», նրանք տեսնում են, որ «պուտինյան ռեժիմի հռետորաբանությունը գնալով ավելի ագրեսիվ է դառնում»։
Լիտվայի նախագահը պաշտպանել է Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում եւ Լեհաստանում 1000 հոգանոց գումարտակները բրիգադների վերածելու ՆԱՏՕ-ի ղեկավարի առաջարկը։ Այդ բրիգադներում սովորաբար 3000-5000 զինվոր է լինում։
Նաուսեդան նաեւ սատարել է Էստոնիայի վարչապետ Կայ Կալլասի կոչը՝ ուղղված ՆԱՏՕ-ին՝ իր հակաօդային պաշտպանության առաքելությունը Բալթյան երկրներում փոխելու մասին, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքում խոցել թշնամու ինքնաթիռները:
«Առաջնագծի պաշտպանություն՝ զսպման կամ արագ ամրապնդման փոխարեն: Զսպման ամենահուսալի միջոցը օտարերկրյա զորքերի գործնական տեղակայումն է այստեղ՝ Բալթյան երկրներում եւ Լեհաստանում։ Օդային ոստիկանությունը, հնարավոր է, լավ է խաղաղ ժամանակների համար, բայց սա ոչ ադեկվատ լուծում է՝ հաշվի առնելով, թե ինչ է կատարվում Ուկրաինայում»,- հավելել է նա։