Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը ՔՊ-ից դուրս գալու դիմում է գրել, միաժամանակ հրաժարվել ավագանու մանդատից։ Բաղդասարյանի կինը՝ Անի Քոչարյանն էլ, ով քաղաքապետարանում էր աշխատում դարձյալ հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն ազատվում է աշխատանքից։ «Հարգելի ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ 2022թ-ի ապրիլի 15-ից սեփական դիմումի համաձայն այլևս չեմ զբաղեցնում Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի Ժ/Պ պաշտոնը»,- գրել էր Քոչարյանը։
Ի՞նչ է կատարվել իրականում, ինչու՞ են մարզպետի եղբայրն ու հարսը հեռանում քաղաքային իշխանությունից։ Irakanum.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել։
Ո՞վ, ում է «պաստակվա» արել։ Այսպես, Անի Քոչարյանը աշխատում էր Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի ենթակայության ներքո և մեր աղբյուրների փոխանցմամբ վերջինիս դրրդմամբ կազմել է կեղծ դիմում և ուղարկել միջազգային կազմակերպություններից մեկին։ Խնդիրն այն է, որ Դավիթ Առուշանյանը փորձել է այդ կերպ իր ճանապարհից հեռացնել կազմակարպության տեղի ներկայացուցիչներից մեկին, և դա անելու համար առաջարկել է Անի Քոչարյանին իր անձնական էլեկտրոնային հասցեից բողոք- նամակ ուղարկել տվյալ կազմակերպության ղեկավարին։ Անի Քոչարյանը կատարել է անմիջական ղեկավարի հանձնարարությունը, այդ կերպ հայտնվելով սկանդալի կենտրոնում։ Բացի այդ փոխքաղաքապետը հանձնարարել է կազմել կեղծ «բլանկ», որը որեւէ առնչություն չունի քաղաքապետարանի հետ և այդ կերպ ուղարկել միջազգային կազմակերպությանը։ Կատարվածի մասին տեղեկանում է տվյալ կազմակերպության տեղի ներակայացուցիչն ու Շիրակի մարզպետը, և նրա առաջարկությամբ Անի Քոչարյանին սեփական դիմումի համաձայն ազատվում է պաշտոնից։ Կնոջ հետ միասին քաղաքապետարանից և ՔՊ-ից հեռանալու մասին է հայտարարում նաև Արման Բաղդասարյանը։
Irakanum.am-ը փորձեց կատարվածի առնչությամբ պարզաբանում ստանալ Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Առուշանյանն այս պահին արձակուրդում է, սեփական հաշվին, իսկ ինչ վերաբերում է Անի Քոչարյանի՝ աշխատանքից ազատվելուն, ապա Առաքելյանը տեղեկացրեց, որ Քոչարյանը սեփական դիմումի համաձայն է ազատել աշխատանքից և այլ տեղեկությունների ինքը չի տիրապետում։
Մենք առաջիկայում կհրապարակենք կեղծ փաստաթուղթը, որի «քավորը» Դավիթ Առուշանյանն է։ Ակնկալում ենք, որ իրավապահները ևս ընթացք կտան այս ամենին, ի վերջո քաղաքային իշխանությունում հանցագործների առկայությունը խիստ վտանգավոր կարող է լինել։
Հ․Գ․ Պատրաստ ենք ներկայացնել նաև կողմերի պարզաբանումը։
Irakanum.am