Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբից, մշտապես ակտիվ աշխատել է այդ ձևաչափում, սակայն արևմտյան մեր գործընկերներն իրենց հավակնությունների ու աշխարհաքաղաքական շահերի պատճառով չեն ցանկանում համագործակցել Ռուսաստանի հետ, ինչի հետևանքով տուժում են տարածաշրջանի երկրների, մասնավորապես, Հայաստանի շահերը,այս մասին 24News.am-ի հետ հարցազրույցում նշել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստակամություն են հայտնում առաջ գնալ կարգավորման, խաղաղության պայմանագրի պատրաստման ճանապարհով։ Ռուսաստանն ի սկզբանե աջակցել է այդ նպատակներին, և, ընդհանրապես, հարաբերությունների կարգավորման արմատները գտնվում են այն եռակողմ համաձայնություններում, որոնք ձեռք են բերվել վերջին տարիներին։ Ես ի նկատի ունեմ այն հայտարարությունները, որոնք ընդունվել են 2020 թ-ի նոյեմբերի 9-ին, 2021 թ-ի հունվարի 11-ին և 2021 թ-ի նոյեմբերի 26-ին։ Այսինքն, Հայաստանի և Ադրբեջանի տարատեսակ փոխհարաբերությունները արձանագրվել են այդ հայտարարություններում։ Կրկնում եմ, Ռուսաստանը մշտապես հանդես է եկել հարաբերությունների կարգավորման օգտին, միշտ պատրաստակամություն է ցուցադրել օգտակար լինել այդ գործընթացին։ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի դերակատարությունն ուղղված է եղել հենց այդ նպատակին։ Պետք է ասեմ, որ մենք հիմա ունենք ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի կարգավորման հարաբերություններին աջակցելու հարցերով, որը պետք է աշխատի այն չափով, որ չափով կարող է օգտակար լինել կողմերին», - ասել է դեսպանը։
«Մենք այս ձևաչափին միշտ աջակցել ենք, ակտիվ աշխատել ենք այնտեղ և երբեք չենք ասել, որ դրանց հրաժարվում ենք։ Ինչպես ասաց մեր նախարարը, կապված է Մինսկի խմբի մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ, որոնք հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ։ Այստեղ հարցը պետք է Ռուսաստանին չուղղել։ Պետք է նշեմ, այդ մասին խոսել է նաև մեր նախարարը, որ Մինսկի խմբում համատեղ աշխատանքի նկատմամբ մոտեցումը նույնական է այն մոտեցմանը, որը դրսևորում է Արևմուտքը ՌԴ-ի մասնակցությամբ այլ ձևաչափերին, այդ թվում և այն հարցերում, որոնք կապված են ճգնաժամային իրավիճակների լուծման հետ։ Այսինքն, նրանց ամբիցիաների, աշխարհաքաղաքական շահերի պատճառով, քանդվում են այն մեխանիզմները, միջազգային ձևաչափերը, որոնք ծառայում էին աշխարհի տարբեր երկրներում անվտանգության բարձրացմանը։ Ցավալի է, որ խաղաղությունն ու անվտանգությունը, տարածաշրջանի երկրների, մասնավորապես, Հայաստանի շահերը զոհ են գնում աշխարհաքաղաքական և այլ շահերի»։
«Կարծում եմ, որ այս հարցը պետք է տալ նրանց, ովքեր արգելափակել են աշխատանքը Մինսկի խմբի։ Ռուսաստանը, կրկնում եմ, երբեք չի հրաժարվել այս ձևաչափից և ակտիվ աշխատել է այնտեղ»։