00:00:00

Չորս երկրների նախագահներ «հզոր ուղերձով» կայցելեն Կիև

12:07, 13 ապրիլ 2022 Աշխարհ

Լիտվայի, Լեհաստանի, Էստոնիայի, Լատվիայի նախագահներ Գիտանաս Նաուսեդան, Անջեյ Դուդան, Ալար Կարիսը և Էգիլս Լևիտսը մեկնում են Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին Նաուսեդան գրել է Twitter-ում չորեքշաբթի՝ ապրիլի 13-ին։

«Մենք Կիև ենք մեկնում քաղաքական աջակցության և ռազմական օգնության հզոր ուղերձով: Լիտվան կշարունակի աջակցել Ուկրաինայի պայքարին իր ինքնիշխանության և ազատության համար»,- գրել է նա՝ ուկրաիներենով հավելելով․ «Միասին դեպի հաղթանակ»:

Լեհաստանի նախագահի վարչակազմը հաստատել է, որ չորս պետությունների ղեկավարները Ուկրաինայի մայրաքաղաքում հանդիպելու են Զելենսկու հետ։

«Մեր նպատակն է աջակցել նախագահ Զելենսկիին և Ուկրաինայի պաշտպաններին այս երկրի համար վճռական պահին: Բալթյան երկրները մեր հիմնական գործընկերներն են տարածաշրջանի անվտանգության հարցում: Մենք որոշեցինք միասին գնալ Կիև: Լեհաստանը կազմակերպիչն է»,- ասել է Միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Յակուբ Կումոչը։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անցած շաբաթվա վերջին այցելել էր Կիև։ Նա խոստացել է Ուկրաինային զրահատեխնիկա և հականավային հրթիռներ տրամադրել պաշտպանության համար, ինչպես նաև հայտարարել է Ուկրաինայի հետ առևտուրն ազատականացնելու պատրաստակամության մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր