00:00:00

Բորիս Ջոնսոնը, նրա կինը եւ ֆինանսների նախարարը կտուգանվեն լոքդաունի ժամանակ երեկույթների մասնակցելու համար

16:25, 12 ապրիլ 2022 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, նրա կինը՝ Քերրին, եւ ֆինանսների նախարար Ռիշի Սունակը կտուգանվեն՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված լոքդաունի ժամանակ երեկույթների մասնակցելու համար, հայտնում է BBC-ն։

Ջոնսոնի գրասենյակը հաստատել է, որ երկու պաշտոնյաներին իսկապես տուգանքներ են նշանակվել: Սակայն վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Ջոնսոնին եւ Սունակին դեռեւս չեն ասել, թե հատկապես որ միջոցառման համար են նրանք պատժվում։

«Տիկին Ջոնսոնը կարող է հաստատել, որ իրեն իրազեկել են, որ ինքը կստանա ֆիքսված տուգանքի ծանուցումը (FPN): Նա դեռեւս այլ մանրամասներ չի ստացել FPN-ի բնույթի մասին»,- ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի տիկնոջ ներկայացուցչի հայտարարության մեջ։

Լոնդոնի ոստիկանությունը հետաքննում է 12 միջոցառումներ, որոնք կարանտինի ժամանակ իրականացվել են Դաունինգ սթրիթում եւ կառավարական այլ շենքերում։ Հետաքննության արդյունքում արդեն 50-ից ավելի տուգանք է նշանակվել։

Ոստիկանությունը մտադիր չէ հայտնել տուգանվածների անունները, սակայն ավելի վաղ բրիտանական կառավարությունը խոստացել էր տեղեկացնել, եթե խախտողների թվում վարչապետը կամ ֆինանսների նախարարը լինեն։

Բրիտանական լրատվամիջոցները գրել են 2020թ․ դեկտեմբերի 18-ին ձմեռային լոքդաունի պայմաններում սուրբծննդյան խնջույք անցկացնելու մասին։ Դեկտեմբերի 16-ին իշխանությունները Լոնդոնում ամենաբարձր մակարդակի կարանտին էին սահմանել՝ փակելով ռեստորանները, սրճարաններն ու բազմաթիվ խանութներ։

Բացի այդ, 2020թ․ մայիսին հաղորդվել էր Դաունինգ Սթրիթ 10 հասցեում մարդաշատ երեկույթի մասին: Առաջինը իր բլոգում այդ մասին գրել էր Ջոնսոնի նախկին գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսը, որն ինքն էլ ստիպված էր հրաժարական տալ լոքդաունը խախտելու համար եւ այժմ պայքարում է վարչապետի դեմ վիրտուալ տարածքում:

Այդ միջոցառման ականատեսները BBC-ին պատմել են, որ միջոցառմանը, որտեղ ալկոհոլ է օգտագործվել, մոտ 30 հոգի է եղել, այդ թվում՝ վարչապետն ու նրա կինը։ ITV News հեռուստաալիքը ձեռք է բերել եւ հրապարակել երեկույթի համար էլեկտրոնային նամակ-հրավերը, որից երեւում է, որ այն չէր կարող աշխատանքային միջոցառում լինել։

Վարչապետին ուղղված այս մեղադրանքը միակը չէ։ Դրանք բոլորը վերաբերում են 2020թ․ տարբեր ժամանակաշրջաններին, երբ Բրիտանիայում խստության տարբեր աստիճանի հակաքովիդային լոքդաուններ էին ներդրվում եւ չեղարկվում։

Ջոնսոնը, ընդդիմության եւ մամուլի ճնշման տակ արձագանքելով այս մեղադրանքներին, հանձնարարել է ծառայողական հետաքննություն անցկացնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր