00:00:00

Մենք այնքան դաժան և ծանր պիտի վճարենք, մինչև սովորենք մեկս մյուսին լավ վերաբերվել, իրար սիրել, լավը կամենալ. Սոս Ջանիբեկյան

11:34, 11 ապրիլ 2022 Մշակույթ

Շատ ծանր եմ տանում, երբ թշնամին փորձում է վերացնել մեր մշակույթը, բայց ավելի ծանր եմ տանում, երբ մենք ենք վերացնում մեր մշակույթը․ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասում է դերասան, հաղորդավար Սոս Ջանիբեկյանը՝ անդրադառնալով մշակութային կյանքում տիրող քաոսին, հանրության վերաբերմունքին՝ առ հայկական մշակույթ։

«Պատերազմական տարիներին, երբ Չերչիլին հարցրին՝ պատերազմի ժամանակ այդքան գումար ինչո՞ւ եք ուղղում մշակույթին, պատասխանել էր՝ բա ինչի՞ համար ենք մենք կռվում եւ ինչի՞ համար ենք պատերազմում»: Եթե ուզում ես վերացնել ազգը, առաջինը վերացնում ես նրա մշակույթը, պատմությունը, ավանդույթները, լեզուն: Ես չեմ ուզում տպավորություն լինի, որ մշակութային գործիչ եմ արդեն 60 տարուց ավել եւ իրավունք ունեմ ինչ-որ բաների մասին խոսել: Թշնամու մղումները ինձ համար հասկանալի են, բայց այս տասնյակ տարիների ընթացքում մեր մշակույթի «հերն անիծելը» այդքան էլ հասկանալի չէ»,-ասաց դերասանը։

Ջանիբեկյանը կարծում է, որ Հայաստան,  հայի մշակութային կյանքի վերածնում մի օր անպայման կլինի: Այն, ինչ հիմա արվում է մշակութային կյանքում, ասում է՝ լավ է, բայց դա, մշակույթ համարել չի կարող․ «Կարող ենք համարել ժամանց: Մշակույթ է այն, թե ինչով ենք մենք առանձնանում այլ ազգերից, ով է մեր հերոսը, ինչպիսի արժեհամակարգ պետք է մշակույթը հանրությանը մատուցի: Չէ որ բժշկությունը բուժում է մարդու մարմինը, իսկ մշակույթը մարդու հոգին: Եթե կրթությունը տալիս է գիտելիք ապրելու համար, ապա հոգու գիտելիքները տալիս է մշակույթը: Վստահ եմ, որ մշակութային վերածնունդ է լինելու, զարթոնք է լինելու»:

Պատերազմից հետո մարդկանց միջեւ անջրպետ առաջացավ, հայ հասարակության կյանքի որակն ընկավ, մեկինը՝ կորստից, մյուսինը՝ հիասթափությունից։ Տարրական շփման կանոններ այլեւս չկան՝ մեկը-մյուսին ատում է, վիրավորում՝ քաղաքական տարբեր հայացքների պատճառով: Երկու հայ միմյանց դեմ են կռվում, միմյանց լսելու ունակություն անգամ չունեն: Ի՞նչ է կատարվում, որտեղի՞ց է գալիս այս երեւույթը.

 

«Դա նոր չառաջացավ, դա պարզապես նոր երեւաց եւ այնպիսի բուռն ձեւով արտահայտվեց, որ չէր կարող առաջանալ հենց նոր: Այդ երեւույթները ունեն նախապատմություն եւ երկար կենսագրություն: Եթե հետեւենք բժշկությանը, բոլոր արատներն ու հիվանդությունները ավելի լավ են բուժվում եւ ապաքինվում գլուխ բարձրացրած ժամանակ: Ես հույս ունեմ, որ այս ամենը կբուժվի՝ մշակույթով, կրթությամբ: Ժամանակը կբուժի վերքերը։ Ճակատագիրը հային այնքան թանկ ու ցավոտ դասեր կտա, մինչեւ մենք վերջապես կհասկանանք, որ պետք է սիրենք միմյանց, չխաբենք, չփորձենք «գցել», չնախանձենք միմյանց, իրար վրա ինքնահաստատվելու, իրարից առավել լինելու մոլուցքով չտարվենք, եւ հետեւենք այն օրինակին, թե ինչպես են հրեաները, կամ մեր թշնամիները համախմբվում, երբ տեսնում են, թե օրինակ ինչպես են աշխարհի ինչ-որ մի ծայրում իր ազգակցի հետ վատ վարվում»,-նշում է Ջանիբեկյանը:

Որպես օրինակ, մի պատմություն է պատմում․ «Մոսկվայաբնակ ընկերս պատմում է, թե ինչպես են հսկայական մեծ շուկայում հայը հայի հետ եւ հայը թուրքի հետ շփվում: Շուկայում կան հայի, թուրքի, տաջիկի, ադրբեջանցու, ռուսի եւ այլ ազգերի ներկայացուցիչների աշխատանքային տաղավարներ: Ասում էր՝ օտարազգիները իր հետ խնդիր չունեին, մինչդեռ հայերը բոլորը բոլորին ուզում էին վատություն անել, բոլորը իրար հետ խնդիր ունեին։ Այս երեւույթի մասին եմ խոսում»:

Ամփոփելով խոսքը՝ Ջանիբեկյանն ասում է՝ հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը կախված է նրանից՝ կսիրե՞նք իրար, թեւ ու թիկունք կլինե՞նք, թե ոչ:

«Հայրենիքն ու կյանքը չի սկսվում եւ ավարտվում քո սեփական շահով՝ դու լավ լինես, լավ լինի քո ընտանիքն ու միջավայրը։ «Ախպեր ես ու ընտանիքս լավ ենք, մնացածի հերն էլ անիծած», մենք այս «կարգախոսից» պիտի դուրս գանք, այլապես շատ ծանր ու ցավոտ օրեր կունենք: Մենք պետք է հասկանանք, որ առաջնայինը ազգային շահն է եւ պետության նկատմամբ հոգատարությունը: Ազգը չի կարող գոյություն ունենալ, երբ յուրաքանչյուր ոք գնա միայն սեփական շահի հետեւից: Պիտի հասկանանք, որ մենք մեծ ընտանիք ենք, պիտի հասկանանք, որ ցանկացած անծանոթ հայ մեր հայրենակիցն է եւ պարտավորված լինենք օգնել, հարգել, թեւ ու թիկունք լինել եւ սեփական շահի համար երբեք որեւէ մեկին չվնասել:

 

Ամեն քայլափոխին զգում եմ, որ մենք իրար լավը չենք ուզում, մենք ո՞նց կարող ենք գոյություն ունենալ, ո՞նց կարող է մի ընտանիք գոյություն ունենալ, եթե ներսում մեկը մյուսի լավը չի ուզում: Միշտ կռիվ է, միշտ վատ է: Մենք այնքան դաժան եւ ծանր պիտի վճարենք, մինչեւ սովորենք մեկս մյուսին լավ վերաբերվել, իրար սիրել, լավը կամենալ: Սրանք ռոմանտիկ խոսքեր չեն, այլ մեր գոյության կարեւոր բաղադրատոմսն են»,-եզրափակեց դերասանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր