00:00:00

Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղարին ներկայացրել է ԼՂ–ում ստեղծված իրավիճակը, կարևորել ԱՄՆ-ի հասցեական արձագանքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության պաշտոնական էջից։

«Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին եւ կարեւորել տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար եւ նշել, որ ժողովրդավարության հետագա ամրապնդումը ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունն է:

Նիկոլ Փաշինյանը եւ Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճին:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրները ու կարեւորել ԱՄՆ-ի հասցեական արձագանքը:

Կողմերը կարեւորել են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարեւորությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը:

ՀՀ վարչապետը եւ ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող երկխոսության շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր