00:00:00

Ի՞նչ գին է վճարել Հովիկ Աբրահամյանը՝ եղբոր դեմ հարուցված քրգործը «ջրելու» և դղյակը վաճառելու թույլտվության դիմաց

23:09, 28 մարտ 2022 Քաղաքականություն

Նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին Արտաշատում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավար ընտրվեց ՔՊ-ական Կառլեն Մկրտչյանը՝ ստանալով քվեների 60 տոկոսից ավելին: Ընտրություններից անմիջապես հետո մամուլը գրեց, որ Արտաշատում իր հաղթանակով ՔՊ-ն պարտավոր է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և վերջինիս շրջապատին:
 
Սակայն, ըստ նույն մամուլի, Արտաշատում Հովիկ Աբրահամյանի՝ ՔՊ-ին աջակցելը միայն իշխանության հետ գործարքի գնալով չէր պայմանավորված։ Աբրահամյանների համար շատ կարեւոր էր նաեւ, որ հանկարծ չհաղթեր եւ քաղաքապետ չդառնար այս ընտրություններին «Օրենք եւ արդարություն» կուսակցության նախագահ Կարեն Ղազարյանը՝ Արտաշատում հայտնի Հովհաննես Ղազարյանի (Գազի Հովոյի) որդին։ Աբրահամյաններն այս ընտանիքի հետ վաղեմի թշնամանքի մեջ են, մի ժամանակ հարաբերությունները այնքան էին լարվել, որ անգամ փոխհրաձգություններ էին լինում, կրակում էին իրար վրա։ Ու հիմա Հովիկ Աբրահամյանն ու որդին՝ Արգամը, ՔՊ-ին աջակցելով՝ նաեւ իրենց ոխերիմ թշնամու դեմն են առել Արտաշատում։
 
Ուշագրավն այն է, որ այդ նույն ընթացքում հայտնի դարձավ, որ, ըստ էության, «ջրվել» է Հովիկ Աբրահամյանի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի դեմ երկու տարի առաջ հարուցված քրեական գործը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու համար: Աբրահամյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել, գործն էլ մտել էր դատարան, սակայն մինչ այս պահը որևէ նորություն և առաջընթց դատական գործում չկա: Բացի այդ, Հովիկ Աբրահամյանի մերձավորները համաներվել են հողամասերի ապօրինի վաճառքի գործով։
 
Ընտրություններից անմիջապես հետո էլ հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը Մոնումենտի իր դղյակը վաճառել է հանրությանը Գոլդեն Փելասի գործարքից հայտնի Նարեկ Նալբանդյանին` այն էլ 5 միլիոն դոլարով։ Այստեղ հարկավոր է նշել, որ առանձնատան առքուվաճառքը կայացնելու համար Աբրահամյանները պետք է կարողանային նախ գույքը դուրս բերել կալանքից։ Այն կալանքի տակ էր 2018-ից՝ երկու քրեական գործերով։ Դրանցից մեկը վերաբերում էր «Ավազահատիկ» ՍՊԸ-ի 60 տոկոսի ձեռքբերմանը։ Գործը քննում էր Հատուկ քննչական ծառայությունը: Ազատության պողոտայի առանձնատունը կալանքի տակ էր նաև «Մոնումենտի դղյակների» քրեական գործով, որը ներկայում քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Փետրվարի 15-ին կադաստրի կոմիտեին ուղղված գրությամբ Հակակոռուպցիոն կոմիտեն միայն Աբրահամյանի տան հետ կապված սահմանափակումները վերացնելու հանձնարարական է տվել Կադաստրի կոմիտեին։ Մոտ երկու շաբաթ անց կնքվել է տան առքուվաճառքի պայմանագիրը, ինչը ակնհայտորեն խոսում է այն մասին, որ այս գործարքին իշխանությունները դեմ չեն եղել, ավելին՝ ամեն կերպ նպաստել են դրա կայացմանը: Ուշագրավ է միայն հանգամանքը, որ առանձնատան վաճառքին մասին դատախազությունը փաստացի տեղյակ չի եղել, ինչն էլ հրապարակային փոխհրաձգություն առաջացրեց դատախազության և հակակոռուպցիոն կոմիտեի միջև:
 
Վերը նշվածից կարելի է ենթադրել, որ ըստ մամուլի տեղեկությունների` ՔՊ-ին Արտաշատում ցուցաբերած աջակցությունը հենց այն գինն էր, որը Հովիկ Աբրահամյանը վճարել է՝ եղբոր դեմ հարուցված քրեական գործը ջրելու և դեռևս ընդդիմադիր Փաշինյանի կողմից կոռուպցիայի սիմվոլ հռչակված դղյակը վաճառելու թույլտվության դիմաց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր