Մինսկի խմբի համանախագահող երկիր հանդիսացող Ֆրանսիան պատրաստակամ է՝ արձագանքելու Հայաստանի կառավարության երեկվա դիմումին և ամեն ինչ անելու, որպեսզի երկարատև խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։
Երեկ պաշտոնական Երևանը հայտարարեց, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։ Երևանը Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջնորդությանը դիմում է Արևմուտք - Ռուսաստան աննախադեպ լարվածության և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակման պայմաններում։ Ղարաբաղյան կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խմբից Հայաստանի այս դիմումի վերաբերյալ պաշտոնական պատասխան առայժմ չկա։
Այսօր Ֆրանսիայի դեսպանը ևս մեկ անգամ վերահաստատեց մարտի 9-ին Փարիզում տեղի ունեցած հայ-ֆրանսիական համագործակցության կոնֆերանսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հնչեցրած հայտարարությունը, որտեղ նա պատրաստակամություն էր հայտնել աջակցելու գտնել հակամարտող երկու երկրների համար ընդունելի պայմաններ ու հասնել խաղաղության։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծեց, որ Ուկրաինայի պատերազմը չպետք է մեզ ստիպի մոռանալ նախորդ կոնֆլիկտի մասին, որը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև, և պետք է անպայման փորձել լուծել այդ խնդիրը», - ասաց տիկին դեսպանը։