«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նարեկ Նալբանդյանի դեմքով իր սրտի օլիգարխն է կերտում: Եթե Նարեկ Նալբանդյան անունը ոչինչ չի ասում, ապա հիշեցնենք` շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով գնել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն, որի 100% բաժնետերը Նարեկ Նալբանդյանն է, որն այս ընկերությունը ձեռք է բերել 2018-ի դեկտեմբերին Մայիլ Թորոյանից: «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության համար 2019-ին կառավարությունը արտոնություններ էր սահմանել՝ ներդրումային ծրագրի շրջանակներում 3 տարի ժամկետով հետաձգել ընկերության համար ԱԱՀ-ից, ինչպես նաեւ ազատել մաքսատուրքից՝ ներդրումային ծրագրի շրջանակներում։
Սա էլ բավարար չէր, Նալբանդյանի անունը հնչեց ևս երկու աղմկահարույց իրադարձությունների ֆոնին։ Առաջինը` ձվի շուկայում ստեղծված իավիճակն էր, երբ պարզ դարձավ, որ ՄՊՀ կողմնակի դիտորդի դերում գտնվելու արդյունքում Նալբանդյանը փորձում է ձեռք բերել սնանկացող մի շարք ընկերություններ։ Բանն այն է, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան ձու է հանել վաճառքի, որը ինքնարժեքից էժան է: Այս ընկերությունն սկսել է ձվի շուկայում գնային տատանումներ անել: Նույնը կրկնում են մյուս խոշոր ընկերությունները, որոնք այլընտրանք չունեն` պետք է էժանացնեն, քանի որ կուտակած հավկիթ ունեն եւ պետք է իրացնեն։ ՏՄՊՊՀ-ն, թեև ուսումնասիրություններ էր սկսել, սակայն դրանց արդյունքը, մեղմ ասած, չի երևում։ Մեկ ընկերություն առանց որևէ խոչընդոտի դեմպինգի է դիմում` ըստ էության շուկայից դուրս մղելով փոքր ու միջին խաղացողներին։ Ուշագրավն այստեղ այն է, որ մամուլը գրել էր նան, որ Նալբանդյանին է պատկանում «Շիրակ» թռչնաֆաբրիկան, որը «Նոր Լուսակերտ» թռնչաֆաբրիկայի 50 տոկոս բաժնետերն է:
Այնուհետև Նալբանդյանի անունը կրկին հնչեց, այս անգամ արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը գնելու լուրերի ֆոնին։ Եվ ընդամենը օրեր առաջ հայտնի դարձավ, որ Սևանի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները որոնք, հիշեցնենք, մրցույթով են կազմակերպվելու` չի բացառվում իշխանությունները շնորհեն հենց Նալբանդյանի ՍՊԸ-ին։ Այդպիսի սցենարի հավանականությունը չի հերքել Սևան ազգային պարկի տնօրենը, ում, հիշեցնենք, այդ պաշտոնին են նշանակել ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի ջանքերի շնորհիվ։ Ուշագրավ է, որ ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների` Պետրոսյանը մտերիմ է նաև Նարեկ Նալբանդյանի հետ։ Եվ այս տեսանկյունից` Սևանի ափամերձ տարածքներում մաքրման աշխատանքները նրան հանձնելը, ինչը, անշուշտ, յուղոտ պատառ է` նույնպես պատահական չէ և պարզ զուգադիպությունների շարքից չէ։ Ստացվում է, որ օլիգարխներից Սևանը մաքրել խոստացող Պետրոսյանն այժմ այդ ափերը տրամադրում է իր մտերիմ Նալբանդյանին։
Նյութի աղբյուրը՝ lurer.com