Արցախում վթարված գազատարը վերանորոգելու աշխատանքները սկսելու համար ադրբեջանական կողմի հետ բանակցություններ տեղի են ունենում վթարի օրվանից՝ սույն թվականի մարտի 8-ից։ Այսօր նույնպես տեղի են ունեցել բանակցություններ, այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակից։
Հարցին, թե ինչպիսի կազմով են տեղի ունենում բանակցությունները, ԱԽ գրասենյակից պատասխանել են․ «Բանակցությունները եռակողմ են՝ արցախյան, ՌԴ խաղաղապահ ուժերի և ադրբեջանական կողմի ներգրավմամբ։ Արցախից բանակցություններին մասնակցում է ԱԽ գրասենյակի ներկայացուցիչը»։
Ի պատասխան հարցի, թե արդյոք ադրբեջանական կողմը ձգձգում է բանակցությունները, թե դրանք ընթանում են ըստ նախատեսվածի, Արցախի ԱԽ գրասենյակից պատասխանել են, որ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները սկսել են մարտի 8-ից և շարունակվել առ այսօր։
Արցախի ԱԽ գրասենյակից նաև տեղեկացրել են, որ գազատարի վթարը տեղի է ունեցել Շուշի քաղաքից որոշակի հեռավորության վրա՝ ավտոմայրուղուն հարակից հատվածում։
NEWS.am-ը նաև հետաքրքրվել է, թե ինչի շուրջ է Ադրբեջանը բանակցում, ինչ պատճառաբանությամբ կամ պահանջով է հայ մասնագետներին արգելում մոտենալ վթարված հատվածին, ինչին Արցախի ԱԽ գրասենյակից պատասխանել են․«Բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմի պահանջը հստակ չէ»։
Արցախի ԱԽ գրասենյակից նաև տեղեկացրել են, որ «բանակցություններում հստակ դրական կամ բացասական դինամիկա առ այս պահը չկա»։
Հարցին, թե կա՞ն նախադրյալներ կարծելու, որ բանակցությունները օրերի ընթացքում վերջնական արդյունք կտան, Արցախի ԱԽ գրասենյակից պատասխանել են․ «Նախորդ հարցի պատասխանում նշվեց, որ ընթանում է բանակցային գործընթաց։ Կան նախադրյալներ, որ առաջիկա օրերին հարցը դրական լուծում կստանա»։