Արտաքին գործերի նախարարությունը ողջունում է և խորապես գնահատում է «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» բանաձևի գրեթե միաձայն ընդունումը և դրանով իսկ Եվրոպական խորհրդարանի գործընկերների վճռական դիրքորոշման արտահայտումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
Պարոն Հովհաննիսյան, Եվրոպական խորհրդարանում մարտի 10-ին քննարկվեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» բանաձևը։ Այն ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ։ Խնդրում ենք մանրամասնել, թե ինչ շեշտադրումներ ունի Եվրոպական խորհրդարանի այս բանաձևը:
Նախ, նշեմ, որ բանաձևի քվեարկությանը նախորդած քննարկում-բանավեճի ընթացքում իրենց ելույթներում Եվրոպական խորհրդարանի անդամները խորը մտահոգություններ են հայտնել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման կապակցությամբ և ընդգծել Ադրբեջանի կողմից վարվող այսպես կոչված «աղվանականացման» քաղաքականության անթույլատրելիությունը։
Բանաձևում ոչ միայն անդրադարձ է կատարվում 2020թ. ռազմական գործողությունների ընթացքում հայկական եկեղեցիների ռմբակոծման կոնկրետ փաստերին և զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հետքի ոչնչացմանն ու պատմամշակութային հուշարձանների վերափոխմանն ուղղված քաղաքականությանը, այլև Նախիջևանում կրոնական և մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացմանը։
Բանաձևում կոչ է արվում Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դեպքերը կանխելու և նման գործողություններ իրականացնողներին պատժելու ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվում նաև հայկական մշակութային կոթողների «աղվանականացման» նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու ադրբեջանական կողմի որոշմանը և խնդրո առարկայի վերաբերյալ երկրի մշակույթի նախարարության հայտարարությանը։
Ընդգծվում է Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անխափան մուտքի ապահովման կարևորությունը՝ Ադրբեջանին կոչ անելով պահպանել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները։
Բանաձևի մշակման գործընթացին ակտիվորեն ներգրավված էին Եվրոպական խորհրդարանի գրեթե բոլոր խմբակցությունները, որոնց միջև հարցի շուրջ լայն կոնսեսուսի ձևավորումն ապահովեց նման բովանադակությամբ և ձայների գերակշիռ մեծամասնությամբ բանաձևի ընդունում, ինչը բացառիկ երևույթ էր վերջին տարիներին Եվրոպական խորհրդարանում կայացած քվեարկությունների համար։
Իսկ ինչպես կգնահատեք այս բանաձևը, ինչ նշանակություն այն կարող է ունենալ:
Մենք ողջունում և խորապես գնահատում է սույն բանաձևի գրեթե միաձայն ընդունումը և դրանով իսկ Եվրոպական խորհրդարանի գործընկերների վճռական դիրքորոշման արտահայտումը, ինչը կարող է կարևոր լինել հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու և վերջինիս գործուն աջակցությամբ պատմամշակութային կոթողների ոչնչացման, պղծման և վերափոխման հարցերի բարձրաձայնմանն ուղղված մեր աշխատանքներում։