00:00:00

Կառավարությունների արդյունավետությունը չի չափվում նախարարների տարիքային, գենդերային և այլ պատկանելությամբ, այլ միայն ու միայն աշխատանքի արդյունավետությամբ

17:27, 15 մայիս 2018 Տնտեսություն

Ձևավորվեց թավշյա հեղափոխության կառավարությունը։ «Այլընտրանքային նախագծեր» խումբը գտնում է, որ պատեհ չէ նոր կառավարության կազմի անհատական քննադատությունը. Կառավարությունների էֆեկտիվությունը չի չափվում նախարարների տարիքային, գենդերային և այլ պատկանելությամբ, այլ միայն ու միայն աշխատանքի էֆեկտիվությամբ։ Ցանկացած կառավարության անհրաժեշտ է տալ խելամիտ ժամկետներ՝ գործունեությունը գնահատելու համար։ Մեզ համար շատ ավելի կարևոր է այն օրակարգը, որով առաջնորդվելու է նոր կառավարությունը։ Երկար տարիների ընթացքում ձևավորված է եղել այսպես կոչված հանրային օրակարգ՝ հարցեր, որոնք հուզել են հասարակությանը և հարցեր, որոնք բարձրացվել են ընդդիմադիր շրջանակների, այդ թվում, և առաջին հերթին, այսօրվա կառավարության ղեկավարների և նախարարների կողմից։ Փորձենք ներկայացնել դրանք. Հանրային օրակարգ 1.Հյուսիս-հարավ մայրուղի. փոշիացված վարկային լուրջ գումարներ, անորակ շինարարություն։ Ի՞նչ է կատարվել իրականում 2.Ֆիննախի և ՊԵԿ-ի Դիլիջանի կառույցները՝ անիմաստ գերթանկ շինարարություն, ուռճացված գներ։ 3.Բարձրաստիճան պաշտոնյաների դղյակներ՝իրական արժեքները, գումարների ծագումը։ 4.Լիդիան Արմենիա, Ամուլսարի գործարքը՝ իրականում ի՞նչ բնապահպանական աղետ է ենթադրում Հայաստանի համար։ 5.Պանամա-Գեյթ /բարձրաստիճան պաշտոնյաներից ովքեր և որքան գումար ունեն պանամական օֆշորում/։ 6.Գազի գնի գոյացման սխեմաներ. սահմանին վճարվող գնի և քաղաքացուն վաճառվող գնի ահռելի տարբերության սխեմաները։ 7.Կարմիր գծեր և արագաչափեր. ովքե՞ր են այդ ՍՊԸ-ների ետևում 8.Պարտադիր կուտակային համակարգ /«Դեմ եմ» շարժման հայեցակարգը/։ 9.Խաղաղ ցուցարարների վրա հարձակվող քաղաքացիական համազգեստով հրոսակախմբեր՝ Սարի թաղի դեպքերի, թավշյա հեղափոխություն օրերին և այլն, ովքեր են դրանց կազմակերպիչները, ովքեր են մասնակիցները։ Նշվել են կոնկրետ անուններ։ Քրեական պատասխանատվություն։ 10.Ընտրությունների կեղծման ամենաքննարկվող տարբերակը՝ կեղծ անձնագրեր, շրջիկ խմբեր։ Իրականություն և ծավալներ։ 11.Ընդդիմադիր շրջանակների տոտալ անօրինական գաղտնալսումներ։ Ովքե՞ր են հրահանգ տվողները, իրականացնողները։ 12.Ընդդիմադիր տեսակետներ ունեցող գործիչների հեռուստաեթերի արգելքի սև ցուցակներ։ Ընդդիմադիր գործիչների համակարգված վարկաբեկում, սև PR` լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում։ Կազմակերպիչները և ֆինանսավորման աղբյուրները։ Ցանկն իհարկե շատ ավելի երկար է, և հանրային կարծիք ձևավորող շրջանակները կարող են և գուցե պարտավոր են ձևակերպել սեփական ցանկերը։ Հետհեղափոխական կառավարությունը պարտավոր է պատասխանել այս հարցերին՝ կա՛մ բացելու բոլոր փակագծերը, կա՛մ փարատելու կասկածները։ Ի վերջո, երկար տարիներ ասվել է, որ այս հարցերի պատասխանները պարզ կլինի միայն իշխանափոխությունից հետո։ Հետևաբար՝ հետհեղափոխական հասարակությունն իրավունք ունի ստանալու հստակ պատասխաններ՝ որն է իրականությունը, որոնք են միֆերը։ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր